Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կենտրոնացրել է ահռելի ֆինանսական հնարավորություններ եւ ձգտում է տնտեսության մեջ առավել մեծ ազդեցության: Օրինակ, Ռուսաստանի հետ բանակցություն է տարվում գազատրանսպորտային համակարգը գնելու եւ նախագահի ընտանիքին փոխանցելու վերաբերյալ: Պեկինում Յանուկովիչը Չինաստանի հետ պայմանավորվել է խոզաբուծության համար 50 մլն հեկտար բերրի տարածք վաճառելու վերաբերյալ:
Իշխանությունը փորձում է Եվրոպական միությունից ավելի շատ փող պոկել, որը մեծամասամբ կհոսի նախագահի ընտանիքի եւ շրջապատի գրպանը: Յանուկովիչը շտապում է եւ իրավիճակը դասավորում այնպես, որ նախագահի հերթական ընտրությունն անցկացնի ազգային ու միջազգային հանրային կարծիքը լիովին անտեսելու պայմաններում:
Ուկրաինայի վրա մղձավանջ է կախվում, երկիր, որը Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում է: Արեւմտյան հանրությունը շփոթի մեջ է, եւ Օբամայի անտաղանդ քաղաքականության արդյունքում եվրոպացիներն ի վիճակի չեն առայժմ մշակել արդյունավետ քաղաքականություն Ուկրաինայի հանդեպ:
Եվրոպային որեւէ «ճանապարհային քարտեզ» չի հետաքրքրում՝ կամ ստորագրություն, կամ ուժեղ ճնշում: Տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպան հանգելու է Ուկրաինայի հոգսը Ռուսաստանի վրա գցելու մտքին, որ նա կխեղդվի այդ նվերից: Հայաստանի հանդեպ նույնիսկ նվազագույն պրեֆերենցիաները Ռուսաստանին դրել են ֆինանսական կորուստների անհրաժեշտության առջեւ, կարելի է պատկերացնել ինչի կհանգեցնեն Ուկրաինայի հետ խաղերը:
Ռուսաստանին հարկ է կամ խաղարկել խոշոր բլեֆ, կամ ընդունել տնտեսական անկարողությունը: Գազպրոմի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են Ուկրաինայի հանդեպ գազի արտոնյալ գնային քաղաքականության անհնարինության մասին: Ռուսաստանում ուկրաինական ապրանքների սպառողներն այն ընկերություններն են, որոնք հեռանկար չունեն:
Սակայն Ուկրաինայի ղեկավարությանը դա ամենեւին չի հուզում, քանի որ երբեք Արեւելյան Եվրոպայի ոչ մի երկրում այսքան միանշանակ ռեժիմ չի եղել:
Մի քանի օրից Կիեւում սպասվում է 10 աստիճան սառնամանիք, եւ մարդիկ Մայդանից երեւի ստիպված կլինեն հեռանալ: Բացի այդ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդներն ակնհայտորեն շփոթի մեջ են եւ չեն հասկանում, թե ինչ անեն ժողովրդի մեծ մասի վրդովմունքի հետ: Մայդանում կես միլիոն մարդ է հավաքվել, եթե դա չբերի քիչ թե շատ հասկանալի երկխոսության, տեղի կունենա աղետալի հանգուցալուծում:
Սակայն ի՞նչ հանգուցալուծում կլինի, եթե իշխանությունը մնա: Լիովին հնարավոր է, որ տեղի կունենա Ուկրաինայի տարածքային պառակտում: Ընդ որում, եթե 30-40 տարի առաջ Ուկրաինայի Արեւմուտքը սկսում էր Տերնոպոլում, Խմելնիցկիում եւ Ռովնոյում, ապա ներկայում Կիեւը ոչ միայն Արեւմուտք է, այլեւ արեւմտյան առաջատար կենտրոնը Ուկրաինայում:
Հնարավոր է նաեւ այլ սցենար՝ Ուկրաինայում իշխանության երկրորդ կենտրոնի առաջացումը, ըստ ամենայնի՝ Լվովում: Ընդ որում, ոչ ոք որոշակի չգիտե, թե ինչ դիրքորոշում կունենան այն մարզերը, որոնք ավանդաբար դիտարկվում են որպես Հարավ-Արեւելք, նախեւառաջ՝ Դնեպրոպետրովսկի ու Կիրովոգրադի մարզերը, որտեղ կենտրոնացած է մետալուրգիայի, քիմիայի եւ մեքենաշինության մեծ մասը:
Սակայն որքանո՞վ է Ուկրաինայի տարածքային պառակտումը մտահոգում ներկայիս իշխող ռեժիմին, իսկ գուցե այս հեռանկարը լիովին ձեռնտո՞ւ է իշխանությանը: Եւ ո՞րն է այս հարցում Եվրոպայի եւ ԱՄՆ դիրքորոշումը: Իմաստ կա դրա շուրջ խորհելու: