Մերգելյան ինստիտուտն արդեն 1960-ականներին արտադրում էր հայկական անուններով ( «Հրազդան» , «Երևան», «Նաիրի» ) առաջին համակարգիչները: Դա բացառիկ երևույթ էր մեր պատմության համար, որովհետև դրվեց մի ավանդույթ, որն իր կենսունակությունն ապացուցեց անգամ անկախության այս վերջին շրջանի անկումների ընթացքում: Այսօր մեր տնտեսության մեջ, եթե կա մի ճյուղ, որը զարգացման հեռանկար է խոստանում, հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որն ամբողջ տնտեսության ընդամենը երկու տոկոսն է կազմում:

Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք. 1982թ.-ին նույն Մերգելյան ինստիտուտը Երվանդ Քոչարին պատվիրեց կիբեռնետիկայի հետ կապված արձան քանդակել: …Մի քանի տարի անց Քոչարը ստեղծեց «Կիբեռնետիկայի մուսան» արձանը, որի բացման համար հավաքվել էր գեղարվեստական հանձնաժողով: Հանձնաժողովը հայտարարեց, որ նման արձանի հանրային ներկայացումը թույլատրելն անհնար բան է: Նախատեսվում էր արձանը տեղադրել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն քանի որ գումարն արդեն ծախսվել էր և որևէ կերպ պետք էր զեկուցելՄոսկվա, որ աշխատանքն արված է, այդ պատճառով արձանն այնուամենայնիվ տեղադրվեց: Սակայն այն տեղադրվեց ոչ թե նախատեսված պուրակում, այլ ինստիտուտի փակ բակում, որպեսզի մարդիկ չտեսնեն:

«Կիբեռնետիկայի_մուսան»3

Եկան անկախության տարիները: Տրամաբանական էր, որ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» պետք է ազատագրվեր, բայց…: Տարբեր նախաձեռնությունների կողմից եղան բազմաթիվ դիմումներ, որպեսզի արձանն ազատագրվեր և փոխադրվեր կենտրոն: Սակայն դա չարվեց ամենատարբեր պատճառներով, իսկ վերջերս էլ այդ արձանը գույք-պարտքի դիմաց փոխանցվեց Ռուսաստանին, այն պարագայում, երբ մեր օրենքները թույլ չեն տալիս մշակութային հուշարձանների օտարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել