Panorama.am-ը գրում է.
Ամանորին ընդառաջ սննդամթերքի շուկան դառնում է խիստ ռիսկային: Հատկապես տոնին նախորդող մի քանի օրերին խանութ, շուկա, սուպերմարկետ մտնելն անհնար է դառնում, համընդհանուր քաոսի մեջ կարծես քչերն են սկսում ուշադրություն դարձնել, թե ինչ են առնում ու որտեղից:
«Տոնին ընդառաջ ռիսկային են դառնում հատկապես կենդանական ծագմամբ ապրանքների շուկաները` մսամթերքի, կաթնամթերքի, ձվի, ինչպես նաև կրեմով հրուշակեղենի»,-նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս միս գնելուց անպայման նայել, որպեսզի պահպանված լինեն հիգիենայի կանոններն ու պահպանման պայմանները, պահանջեն կտրոններ, ուղեկցեն փաստաթղթեր:
«Նախընտրելի է, որպեսզի անասնաբուժական փորձաքննության մասին վկայող փաստաթղթերից բացի լինեն, ուղեկցող փաստաթղթեր: Իսկ մնացած ապրանքների դեպքում պետք է նայել մակնշումը, հետևել արդյո՞ք պահպանված են այն պայմանները, որոնք նշված են տվյալ ապրանքի վրա: Եթե մենք տեսնում ենք, որ ապրանքի վրա գրված է մթերքը պահել մինչև +6 աստիճան ջերմության պայմաններում, բայց այն վաճառվում է +20 աստիճանի պայմաններում, ապա դա ուղղակի պետք չէ գնել»,-խորհուրդ տվեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը, կարևորելով, որ սպառողների պահանջատեր լինելու պարագայում շուկան կարող է ինքնակարգավորվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ