1in.am-ը գրում է.
Գործարար, հանքաարդյունաբերության բիզնեսով զբաղվող Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Մաքսային միությունը Հայաստանի լավագույն ընտրությունն էր: Ավելին` Հայաստանի փրկությունը Մաքսային միության մեջ է:
«Որ մենք այսպես խաղաղ ճանապարհով գնում ենք դեպի Մաքսային միություն, ապա ապրանքների գներն իջնելու են: Ցորենը, ամեն ինչ այնտեղից են բերում: Եվ հետո, այսպես թե այնպես, ամենամոտիկը Ռուսաստանն է մեզ համար: Մեզ համար շատ լավ է Մաքսային միությունը, ես կողմնակից եմ, անկեղծ: Գիտեք, հայերն ինչ լավ կապրեն դրանից հետո»,- վստահեցրեց Համբարձումյանը:
Գործարարը, ում բիզնեսը հիմնականում առնչվում է եվրոպական երկրների հետ, կարծում է, որ Մաքսային միություն մտնելը որևէ ձևով չի խոչընդոտի իր բիզնեսին, Եվրոպան էլ մաքսային խստացումների չի գնա: «Ասեմ ավելին` Եվրոպան արդեն խառնվել է իրար: Տեսաք` Հունաստանում ինչ բունտ արեցին, ինչի արդյունքում 130 միլիարդով մի կերպ բերանները փակեցին: Եվրոպան հաստատ իրար է խառնվել, հավատացեք: Եվրոպան ինչ ունի, որ գնա մաքսային խստացումների: Ինքն էլ է ներկրող երկիր: Ընդհակառակը իրենք համագործակցելու են Մաքսային միության երկրների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Համբարձումյանի վստահությունը գալիս է այնտեղից, որ ամբողջ Եվրոպան օգտվում է Ռուսաստանի գազից, ինչը Եվրոպան կախվածության մեջ է դնում Ռուսաստանից և լրացուցիչ երաշխիքներ ստեղծում: «Այսինքն` Եվրոպան երբեք Ռուսաստանից երես չի թեքի, երբեք: Նա միշտ հարաբերությունները լավ է պահելու Ռուսաստանի հետ: Այսինքն` եթե մենք մտնենք Մաքսային միություն և մեզ համար վատ լինի, ապա Ռուսաստանը կճնշի նրանց: Ասեմ ավելին` երբ ստորագրվի վերջնական, ապա գազի գինը կնվազի, կնվազեն մի շարք այլ ապրանքների գներ: Մեր շուկան Ռուսաստանն է, հիշեք դա: Ոչ մի խնդիր չի առաջանա, հավատացեք: Սա լավագույն ընտրությունն էր»,- ասաց գործարարը՝ ավելացնելով, որ շատ է ցանկանում նաև, որ Հայաստանը մտնի ռուբլու գոտի: «Օրինակ` Եվրոպայում մեկն արտադրում է ու բոլոր երկրներին փող է տալիս: Ինչ վատ կլինի, որ մենք էլ մտնենք ռուբլու գոտի: Շատ լավ կլինի: Էդ, որ ցույցեր են անում, շատ վատ են անում, իրենք չեն գիտակցում: Նրանց ինչ-որ մեկն է հուշում և սխալ է հուշում, մեր փրկությունը սա է»: