shokolad__6Խոսակցությունների ամենահետաքրքիր  ու  կարևոր հատվածը  միշտ  կանգնած է լինում  հրաժեշտից երկու քայլ ձախ: Ամենակարևորի մասին մեկ-երկու խոսք ենք ասում ու մի կողմ քաշվում: Կարծես՝ դա բացարձակ կարևոր չէր: Մեր խոսակցությունը ծնվեց այն ժամանակ, երբ տաք շոկոլադից երեքուկես կում էր մնացել:

Հինգուկես րոպե տևած խոսակցությունը կարող է փոխել  ողջ օրվա տրամադրությունը, մտքերի հաջորդականությունը, գործողությունները:

Տաք շոկոլադի բաժակը  ձեռքի թեթև շարժումներով սահեցնում եմ սեղանի վրայով: Մի զույգ անհանգիստ աչքեր հետևում են շարժումներիս ու փորձում հասկանալ՝ ինչ եմ մտածում.

-Ես գիտեմ՝ ինչ եմ անում,-ասում եմ ես, ու թեթև հազում:

Դժվար թե ինձ հասկանան. ինչպես կարելի  է խաղի ընթացքը վայելելու համար ամեն ինչ մի վայրկյանում կորցնել: Այն էլ ՝ գիտակցաբար:

Գիտեք, ես  վեց ամիս հետո կորցնելու եմ ամեն ինչ: Գիտեք, ես այդ մտքից հաճույք եմ ստանում: Որովհետև ես սովորել եմ ոչ թե սպասել մեր վարած խաղերի վերջին, այլ վայելել բուն ընթացքը: Խաղի մեջ կարևորն ընթացքն է: Ես վայելում եմ ամեն մի վայրկյանը՝  տաք շոկոլադի կումերի պես: Հետո տաք շոկոլադի  բաժակը գնալու է աղբաման, կյանքս էլ՝ գրողի ծոցը: Այսինքն՝ էլի աղբաման:

Ես սիրում եմ խաղալ ու սիրում եմ խաղից հաճույք ստանալ: Ես էլ, դու էլ գիտենք, որ ես մեծ արագությամբ ընկնում եմ անդունդի մեջ: Ու ինձ կանգնեցնել անհնար է: Այսօր դու դրանում համոզվեցիր:  Համոզվեցիր նաև, որ  անիմաստ է ինձ  փորձել ուշքի բերել, ստիպել մտածել ուղեղով:   Երկուսս էլ գիտենք՝ իմ փոխարեն  դու նույնը կանեիր:

Ռիսկ: Մեր կյանքի շարժիչը: Մենք դեռ օդում ենք զգում ռիսկի հոտն ու մեր մարդկային աչքերում  գիշատիչ կենդանու փայլ է  ծնվում: Այսօրվանից հետո հաստատ կասեմ՝ մենք ապրում ենք, որ գնանք ռիսկի, կորցնենք ամենն ու հետո վերագտնենք: Սա է մեր կյանքի իմաստը՝ հաղթել ու պարտվել: Խաղալ: Անընդհատ խաղի մեջ լինել ու առաջ շարժվել:

Մեր խոսակցությունից անցել են ժամեր: Ես չեմ ափսոսում: Ինչպես նաև չեմ ափսոսելու վեց ամիս հետո: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Մենք միշտ շարժվել ենք այս օրինաչափությամբ ու չենք պատրաստվում ոչինչ փոխել:

Ես էլի կպատրաստեմ  տաք շոկոլադ ու կկործանվեմ՝ հպարտ, գլուխս բարձր ու ժպտալով:  Իմ կործանումը կլինի ամենաօրիգինալը բոլոր կործանումներից, որովհետև դեռ ոչ մեկի մտքով չէր անցել կործանվել՝ տաք շոկոլադ խմելով:

Ես դեռ կարողանում եմ կատակե՞լ: Հավատա, ես գիտակցում եմ ամբողջ լրջությունը: Ես պատրաստ եմ:  Մնաց  սպասել  վեց ամիս ու ժպտալով կործանվել:

Սա ամենահրաշալի խաղն է: Ու նման խաղի համար արժե կործանվել: Մի զույգ սև աչքեր, լսո՞ւմ ես ինձ: Ես անդունդի մեջ եմ ընկնում: Բայց կյանքում առաջին անգամ կործանվելն ինձ հաճույք է պատճառում:

-Դու կորցնելու ես կյանքը, իմաստը…

-Կարճ ասած՝ կյանքիս իմաստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել