1in.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նախորդ շաբաթ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որը կազմակերպել էին «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի աշխատակիցները:
«Ոսկու շուկայի աշխատակիցները պարբերաբար Կառավարության շենքի մոտ ցույցեր են կազմակերպում, իսկ բողոքների պատճառները շատ տարբեր են:
Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որը ինձ ներկայացրել էր էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Եվ այն տեղեկատվությունը, որը զետեղված էր այդ տեղեկանքում, բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածեցին ԶԼՄ-ները»,- ասաց Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ տեսչության պետը իրեն տեղեկացրել է, որ տարեկան ծրագրով դեկտեմբերին պլանավորվում է համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք տեսչական բարեփոխումների շրջանակում որդեգրել ենք այն սկզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտին տրվող անհարմարությունները ստուգումների ընթացքում պետք է հասցնենք մինիմումի, նշանակում է, որ մեր տարբեր տեսչական մարմիններ ստուգումների ժամանակ իրենց գործողությունները պետք է դարձնեն համադրելի, որպեսզի հաճախակի ստուգումներ չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատողներից կամ հաճախորդներից, բազմազան են՝ սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային իրավիճակից, որ այնտեղ ստեղծված է, սանիտարական վիճակից: Հաճախորդները նաև բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, կան լուրջ կասկածներ նաև որակի վերաբերյալ:
Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև ոսկու շուկայույմ աշխատում է 7 հազար մարդ: Սա լրջագույն մի հատվածն է, որտեղ մենք շատ զգուշավոր պետք է լինենք ու պատկերացնենք, թե ինչ ռիսկերի հետ ենք առնչվում:
Դրա համար հանձնարարում եմ առաջին հերթին էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին ու գործակալություններին, ԱԻՆ տեսչությանը, ՊԵԿ-ին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումները, որոնք պլանավորված են էկոնոմիկայի նախարարության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան մեկ ստուգման գործընթացի հետ, ոչ թե տարբեր ժամանակներում տարբեր տեսչական ստուգումների»,- ասաց Տ. Սարգսյանը՝ շեշտելով, որ պետք է բոլորի համար վերջնականապես պարզ լինի, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, և ինչու են պարբերաբար որոշ քաղաքացիներ բողոքում: