Գրում եմ, հետո պատռում թղթերը, որոնք քեզ ուղղված նամակներ պիտի դառնան: Չգիտեմ անգամ շնորհակալ, թե դժգոհ լինեմ քեզնից` ինձ վերափոխելու և այսպիսին դարձնելու համար:Վաղուց հասունության շեմն անցած մարդու համար էլ կյանքն անակնկալներ ունի և դրանք այնքա՜ն շատ են: Այսքա՜ն ուժեղ, այսքա՜ն անկեղծ սիրող:Չէ՛,անտեղի չեմ բարձրացնում ինձ` ինքդ էլ գիտես ինձ: Քչերին է հաջողվում զգալ, թե ինչ է սերը, այն իրականը, որը առանձնանում է երազայինից: Ես երջանիկ եմ, հպարտ, որ ներսումս ապրում է այդ վեհ զգացմունքը: Թեև քո շնորհիվ այն ինձ հասավ, բայց կասկածներս գրեթե հիմնավոր են, որ քեզ հասու չէ զգալ, թե ինչպես են սիրում: Եսասերս: Գիտե՞ս, չեմ ցանկանում նեղացնել քեզ, բայց քո փոփոխական վերաբերմունքն ինձ կատարյալ շփոթմունքի մեջ է գցել: Գուցե ինքդ էլ չգիտես, թե որն է ճիշտը, ինչ է անհրաժեշտ քեզ: Երբ սիրում են, հավատա, որ չեն զղջում երբեք ... Ես միայն ափսոսում եմ` նվիրվածությունս, հավատս, որ քոնն էր, իսկ դու ... Փշրեցիր: Ինչու՞: 

 

Հավատում էի, որ անկեղծ էր, որ «սիրում եմ քեզ» խոսքերդ այնքան հուսադրող են, այնքան ապրեցնող: Հավատում էի, որ դրանք ուղղակի չէիր ասել, այլ զգում էիր: Կարծում էի, որ կսպասես, կարծում էի, որ ամենն իր տեղն է մնալու, բայց ... Չգիտեմ` հիմա անվանդ փոխարեն, ինչպես դիմեմ քեզ: Սրտի գող, այո՛, դու անխղճորեն գողացար սիրտս ու նուրբ սրտումդ պահելու, փայփայելու, սիրելու փոխարեն փշրեցիր: Ինչո՞ւ: Միթե արժանի չէի քեզնից սեր ստանալ: Գուցե ինձանից լավին էիր երազում: Չգիտեմ ... Ես խճճվել եմ` փոքրիկ երեխայի նման: Խոսքերդ՝  «սիրում եմ քեզ, որպես լավ մարդ» անընդհատ մտքումս են: Ծիծաղելի է, ի՞սկ իմ սերը: Այն ոչինչ է քեզ համար` չնայած դրա այդչափ մաքուր լիենելուն: Ինձ պետք չեն խոսքերդ, որոնք այլևս չեն սփսոփում, հակառակը` դրանք չեն թողնում շնչել: Ի՞նչ է ուզածդ: Փորձում եմ հայացքումդ կարդալ, զուր է: Ախր աչքերդ ստիպում են կրկին սիրահարվել քեզ: Ներքին մի ուժ կա, որ պայքարի մեջ է անընդհատ` քեզ սիրելու և մոռանալու: Դժվարանում եմ կողմորոշվել՝ խոսեմ հետդ, թե դա էլ է ապարդյուն: Գիտե՞ս, կյանքի ընկերները միշտ աջակցող են լինում, քնքշությամբ, սիրով ու նվիրումով լի, գնահատող: Քեզ այդպիսին եմ պատկերացնում, մի թող այս անգամ էլ փշրվեն հույսերս:
Թե մի օր հասկանաս ինձ ու չլքել սովորես, վերադարձի՛ր` անկեղծ սիրողները պատրաստ են տանել ամեն ինչ, պատրաստ են ներել ու կրկին սիրել: Նրանք միշտ են սպասում ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել