1in.am-ը գրում է.

Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հատվածում սկսվել են ձյան առատ տեղումներ: Եղանակային վատ պայմանների պատճառով տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարների զոհ է դարձել առնվազն 4 մարդ: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է NBC-ն:

Գլխավոր հարվածը ստացել է Մինեսոտա նահանգը, որտեղ ձյան շերտի հաստությունը հասնում է 66 սմ-ի: Էլեկտրամատակարարումները խափանվել են վնասված հոսանքալարերի պատճառով: Տեղումների առաջին ժամերին նահանգի ավտոմայրուղիներին գրանցվել է 175 վթար:

Համանման իրավիճակ է նաև Յուտա, Կոլորադո և Արիզոնա նահանգներում: Այնտեղ ձյան ծածկույթի հաստությունը տեղ-տեղ հասնում է 30 սմ-ի:

Ցիկլոնի ազդեցության գոտուց դուրս չեն մնացել նաև Արկանզաս, Օկլահոմա, Նևադա նահանգներն ու Տեխասի մի մասը, ինչպես նաև Կալիֆոռնիայի որոշ շրջաններ, որտեղ գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Շատ նահանգներում արդեն փոթորկի նախազգուշացում է արվել՝ կապված ուժեղ քամիների հետ: Իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տվել առանց խիստ անհրաժեշտության փողոց դուրս չգալ: 

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ իրավիճակն առաջիկա երկու օրում կարող է վատթարանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել