1in.am-ը գրում է.
ԱՄՆ զինվորական ղեկավարությունը հրաման չի ստացել՝ պատրաստվելու Աֆղանստանի զորքերի լիովին դուրսբերմանը՝ չնայած նման տարբերակը չի բացառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին: Նրան խնդրել էին մեկնաբանել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հրաժարվելն անվտանգության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրումից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ինձ չեն ասել նախապատրաստվել զրոյական տարբերակին (զորքերի լիովին դուրսբերում), սակայն որքանով հասկանում եմ՝ նման հնարավորությունն առկա է՝ հաշվի առնելով ներկայիս փակուղային իրավիճակը»,- ասել է Դեմփսին:
Ինչպես իրենց հերթին հայտնել են Պետդեպում, ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, ակնկալում է Աֆղանստանի հետ համաձայնագրի շուտափույթ ստորագրում: Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆի խոսքով՝ ներկայում այդ հարցը Քաբուլում քննարկում է Աֆղանստանի և Պակիստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Դոբինսը:
Ավելի վաղ Քարզայն անսպասելիորեն նոր պայմաններ էր առաջադրել անվտանգության համաձայնագրի ստորագրման համար: Դրանցից գլխավորը վերաբերում է հասարակ քաղաքացիների տների վրա զինված «ռեյդերի» դադարեցմանը:
Երկկողմ համաձայնագիրը կոչված է կարգավորելու Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայությունը 2014 թվականից հետո: