Այսօր խորհրդարանական կոալիցիան մերժեց՝ «Կուտակային կենսաթոշակների օրենքում» պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու ԱԺ 4 խմբակցությունների հեղինակած նախագիծը` այսկերպ մեծացնելով անվստահության անջրպետը հասարակության ու իշխանության միջև: Որպես ԱԺ պատգամավոր այն համոզմանն եմ, որ իշխանության կողմից առաջ քաշվող կենսաթոշակային այս «բարեփոխումներից» միայն դառը պտուղներ ենք քաղելու՝ արտագաղթի մեծացման և սոցիալական լարվածության խորացման տեսքով: Ի՞նչ բացատրություն տաս բողոքի դուրս ելած այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք պետությունից պահանջում են հարգել իրենց համեստ աշխատավարձի տնօրինման իրավունքը, պահանջում՝ իրենց մի քանի օրվա ապրուստի գումարը չփոխանցել անհայտ ֆոնդերին ու կառավարիչներին: Վիճահարույց հարցերի վերաբերյալ խորքային հիմնավորում իշխանության կողմից այդպես էլ չլսեցինք, իսկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի առաջարկած այլընտրանքային տարբերակը դարձավ մերժելի: Եվ այսքանից հետո զարմանալի է, թե ինչպես է Կառավարությունը կյանքի կոչելու իր գերակա խնդիրներից մեկը՝ միջին խավի ձևավորումը, եթե այս օրինագծով կտրեց հենց այն ճյուղը, որի վրա պիտի նստած լիներ միջին խավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել