Ես քո այտերի կոպտությունն եմ կարոտել, ձմռան ցրտից քարացած քո մատների սառնությունն եմ կարոտել, սառն օդից դողացող քո շուրթերն եմ կարոտել, իմ դողացող շրթունքներին հպվող փափուկ մազերդ եմ կարոտել: Ես քո մեծ փոքրությունն ու իմ փոքր մեծությունն եմ կարոտել, մեր առաջին ու վերջին բարի լույսն եմ կարոտել, իմ` քեզ նվիրած մի կաթիլ սերն եմ կարոտել:
Փոխվել ենք շատ: Մեր առավոտներն ու երեկոներն են փոխվել: Թե նախկինում միմյանց մոտ վազելու մի պատճառ կար, և մենք վազում էինք, հիմա հազարավոր պատճառներից և ոչ մեկն այդքան զոր չէ մեզ միմյանց մոտ վազեցնելու համար: Մեզ միմյանցից բաժանող մի քանի կիլոմետրերն ավելի զոր են. կարծես մեզ մի քանի Ամերիկա է բաժանում. մեզ մեր սրտերի ամերիկաներն են բաժանում, մեզ մեր սխալների մայրցամաքներն են միացնում: Երազելով ոչինչ չես փոխի, բայց մեզ միայն երազելն է մնացել: Ինձ այլ բան պետք չէ: Ես չափից դուրս շատ եմ մեծացել, որ նույնչափ կրկին փոքրանամ կողքիդ: Սարսափելին էլ դա է:
Սարսափելի է, չէ՞, գիտակցել, որ բոլորովին վերջերս գործել ես կյանքիդ մեծագույն սխալը, որ մի բառ պակաս, մի քայլ ավել, ու հիմա ամեն ինչ այլ կերպ` մեր ուզած կերպ կլիներ: Այդ ցավից ներքին օրգաններդ կծկվում են, քամում վերջին հույսերը, որ կյանքում գոյություն ունի ճակատագիր, որ թե մարդիկ պիտի լինեն միմյանց կողքին, նրանք կլինեն: Թե մարդիկ պիտի լինեն միմյանց կողքին, նրանք պիտի խելացի լինեն, իսկ ես չափից դուրս անխելք էի խելացի ձևանալու համար: Իսկ դու չափից դուրս հպարտ` անխելք ձևանալու համար:
Մեր սերը հոսեց մատներիս արանքով` ավազի պես դիպչելով ու այրելով քեզ դիպչած մաշկիս ամեն միլիմետրը: Նոր մաշկ աճեց, նոր սիրտ բաբախեց, բայց հիշողությունը գեների պես մի բան է. մաքրել չի լինում: Եվ պետք էլ չի: Ես քո գեներն եմ իմ մեջ կրում, իմ սրտի մեջ ներարկված երջանկության մեր գեներն եմ արտամղում երակներիս մեջ ու սեր շնչում անսեր իմ բոլոր-բոլոր օրերում: Ես փակում եմ աչքերս ու տեսնում եմ քեզ` ժպտացող, սիրահարված: Փակում եմ աչքերս ու տեսնում եմ մեզ, համարյա զգում քեզ, հպվում քեզ, ներքաշում ջերմությունդ, ներլսում սրտիդ զարկերը, ներսիրում ներկայությունդ, բայց բացում եմ աչքերս ու քեզ չեմ գտնում: Սարսափելին էլ դա է...
Թե ինձ հարցնեն` ինչ է սերը, ես երևի պատասխան չունենամ, որովհետև մենք սիրել չգիտենք. մենք միմյանց սպանել ու միմյանց դիակների վրա խնջույքավորվել գիտենք, մենք միմյանց տանջել ու միմյանց տանջանքից հրճվանք քամել գիտենք, մենք միմյանց այդպես էլ բաց թողնել չգիտենք:
Նյութի աղբյուր՝ http://mariloveblog.blogspot.com/2013/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել