1in.am-ը գրում է.

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված ՄԱԿ նպատակային հիմնադրամը ներկայում ունի 2 միլիոն դոլար, որը հատկացրել է ԱՄՆ-ը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նամակում՝ ուղղված կազմակերպության Անվտանգության խորհրդին: Նրա խոսքերով՝ 250 հազարական եվրո պարտավորվել են տրամադրել Դանիան և Լյուքսեմբուրգը:

Նամակում նաև նշվում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության նպատակային հիմնադրամում նոյեմբերի 25-ի դրությամբ եղել է 10.8 միլիոն եվրո (14.7 միլիոն դոլար):

«Այս գումարը ձևավորվել է Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Կանադայի, Լատվիայի, Նիդերլանդների, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Էստոնիայի ներդրումների շնորհիվ»,- մեկնաբանել է Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշմամբ ստեղծվել է երրորդ հիմնադրամը՝ մասնավոր ընկերությունների գործունեության ֆինանսավորման նպատակով՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացման միջազգային ջանքերի շրջանակներում: Բոլոր աշխատանքների մոտավոր արժեքը, որոնք կարող է ստանձնել մասնավոր ոլորտը, կազմակերպությունը գնահատում է 35-40 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել