Իդեալական հասարակություն գոյություն չունի: Յուրաքանչյուր մարդ իր երևակայության մեջ կարող է ստեղծել հասարակության սեփական իդեալը, բայց իրականում դրա գոյությունը պարզապես տեսական է:
Բնականաբար, մեր հասարակությունն էլ ունի մի շարք թերություններ: Ազնվության պակասը, միմյանց չվստահելը, միայն սեփական շահի/անձի մասին մտածելը հանգում են մի մեծ թերության՝ անարդարության մթնոլորտի ձևավորմանը: Այսօր մարդիկ որևէ գործողություն կատարելիս կասկածի տակ են դնում դրա շահավետ լինելը և փորձում են ամեն կերպ հասնել իրենց գեր նպատակին՝ շահ ստանալուն: Այս ամենը բխում է հասարակության չափից առավել եսասեր լինելուց: Ամեն ոք մտածում է միայն իր լավի, իր կյանքը բարելավելու ու այն լիարժեք վայելելու մասին: Իհարկե, երբ աշխատում ես ու ստանում աշխատավարձ՝ շահ, սա բնական ու միանգամայն ճիշտ երևույթ է, քանի որ արածդ աշխատանքը միշտ պետք է անվարձահատույց չմնա: Սակայն հասարակության մի մասը անարդար կերպով է շահ ստանում, որը մեկ ուրիշի երջանկության խոչընդոտը կարող է հանդիսանալ: Այստեղ հայտնվում է ևս մի թերություն՝ ուրիշների իրավունքների ոտնահարումը, որն այլ կերպ կարող ենք անվանել հասարակության մյուս անդամների հանդեպ անարգանք:
Չի կարելի բոլորին վստահել, քանի որ հասարակությունը պատրաստ է քո խոսքերը հաղորդել ողջ աշխարհին, եթե նրան խոստացած լինեն որևէ պարգև կամ գովասանք տալ դրա դիմաց: Այստեղ ավելանում են նաև փառամոլությունը, սերը` շաղակրանք ստանալու հանդեպ: Բոլոր փառամոլ մարդիկ պետք է հիշեն, որ այս աշխարհում ամենատխուր մարդիկ նրանք են, ովքեր ամենաշատն են մտածում, թե ինչ են մյուսները մտածում իրենց մասին:
Ոչ ոք ներկայումս վստահելի անձնավորություն չէ, քանի որ օրերից մի օր նա էլ կհայտնվի այնպիսի դրության մեջ, որ ստիպված կլինի դավաճանել քեզ՝ իր սեփական անձը փրկելու համար, բացահայտ կերպով հաղորդել բոլորին նրան վստահածդ խոսքերը:
«Եսասիրություն», «փառամոլություն» ու «անազնվություն». կարծում եմ, որ հենց սրանք են մեր հասարակության հիմնական և գլխավոր թերությունները:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2013/12/y.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել