1in.am-ը գրում է.
Վրաստանը «հետաքրքրված է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»: Այս մասին երեքշաբթի օրը «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Խոսակցությունները, թե երկու պետությունների առևտրաշրջանառության աճը Ռուսաստանը հետագայում կօգտագործի Վրաստանի վրա ճնշումներ գործադրելու համար, չպետք է հիմք դառնան՝ ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը չընդլայնելու համար»,- ասել է Մարգվելաշվիլին: «Թող ոչ ոք մտավախություն չունենա, որ ՌԴ-ի հետ առևտրի աճը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որ դրա կրճատումն ապագայում կարող է անկայունացնել իրավիճակը Վրաստանում»,- նշել է նա:
Ընթացիկ տարվա ամռանը Վրաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքների, հանքային ջրի և մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման վերականգնումը Ռուսաստան բերեց երկու երկրների ապրանքաշրջանառության մեծացման:
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2013-ի հունվար-հոկտեմբերին երկրի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմել է 591.6 մլն դոլար (Վրաստանի ամբողջ արտաքին առևտրի շրջանառության 6.9%-ը): Ռուսաստան ապրանքների արտահանումն այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 130.9 մլն դոլար, ներկրումը՝ 460.7 մլն դոլար: