1in.am-ը գրում է.
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 3-ին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի իրավունքն օգտագործեց՝ խոսելու, իր իսկ գնահատմամբ, կարևորագույն մի խնդրի մասին: «Շատ հեղինակավոր «Էկոնոմիստ» ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է «Գենդերցիդը Կովկասում»: Դա գենոցիդի մի տեսակ է, այն Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձրել է Հայաստանը: Աղջիկներին մասսայաբար աբորտ են անում: Մեր երկրում ծնվում են 100 աղջկան 130 տղա: Սա ամոթ է, սա աշխարհի վատագույն ցուցանիշն է»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ հայկական ռադիոն ամեն օր հայտարարում է՝ ասենք՝ հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա։ Բագրատյանն այս վիճակի համար մեղադրեց քաղաքական մեծամասնությանը, ասաց, որ նրանք սրա համար պատասխանատվություն են կրում:
Պատգամավորը նշեց, որ այսօր բոլորն ուզում են տղա ունենալ՝ այն հույսով, որ քսան տարի հետո տղան կգնա դուրս, կբերի՝ իրենց կպահի։ Այստեղից Բագրատյանը հետևյալ եզրակացությունն արեց. «Մեզ իրոնիայով ձեռք են առնում»: