Kinoashkharh.am-ը գրում է.
Վերջերս Երևանում դասախոսությամբ հանդես եկավ ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը: Հրավերը «Հայ արտ սինեմայի» և Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտինն էր: Մեր ժամանակների հայտնի ռեժիսորի հետ հանդիպման հնարավորություն ունեցավ նաև «Կինոաշխարհը»:
- Հաշվի առնելով Հայաստան Ձեր այցի նպատակը` կուզենայի իմանալ` ինչպիսի՞ն եք համարում հայկական կինոյի ներուժը:
- Հայկական կինեմատոգրաֆիան հիանալի ավանդույթներ ունի: Այն Հայաստանում ու աշխարհում կրկին արժանապատիվ հնչեղությամբ ներկայացնելու, սպասված դարձնելու համար արդեն եղածը վերհիշելն է: Այնքան էլ չեմ հավատում նորարարություններին: Ամեն դեպքում, Ռուսաստանում դա անհնար է: Ընդ որում, ևʹ անհնար է, ևʹ պետք էլ չէ: Մեզանում նորի հնարումը վերածվում է ամերիկյան կինոյի հետին որակի կրկնության: Այսինքն` ուզում ենք հնարել, ստեղծել ինչ-որ նոր բան, ու ստացվում է այն, ինչ Միացյալ Նահանգներում կար դեռևս10-20 տարի առաջ: Անգամ վարձույթի տեսանկյունից դա ուղղակի անիմաստ զբաղմունք է: Չէ՞ որ շատ ավելի հեշտ է գնել այն, ինչ արդեն կա, և թարգմանաբար ցուցադրել, քան ֆինանսավորել նորի ստեղծման գերջանքերը, ինչի արդյունքը լինելու է ընդամենը այն, որ «Մոսֆիլմը» նկարահանելու է այնպես, ինչպես Հոլիվուդը: Թանկ և անիմաստ զբաղմունք է: Իսկ թե բան է, ու հանդիսատեսն անհագուրդ ցանկություն ունի տեսնելու, թե ինչ է կատարվում նանոտեխնոլոգիաներում, ապա պատրաստ է, գնիր, թարգմանիր, ցուցադրիր. ահա և ամբողջը: Այս տեսանկյունից ռուսական և հայկական կինեմատոգրաֆը շատ ընդհանրություններ ունեն:
- Եվ ուրեմն ի՞նչ անել: Վստահ եմ` հանձնվելու կողմնակից չեք:
- Իհարկե: Հարկավոր է պարզապես ջանքեր գործադրել վերադառնալու այն վիճակին, որում ընդհատել ենք մեր այսպես ասած բնականոն կյանքը, ու չկորչել այս խելահեղ մրցակցության մեջ: Մեզ անհրաժեշտ է լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք: Իսկ մենք վստահաբար հիշելիք ունենք և առաջընթացի համար հրման կետն էլ կա: Իրապես հսկայական է հայկական մշակույթը և կարիք չունի նանոտեխնոլոգիաների: Հետևաբար կարծում եմ, որ անպայման լավ կլինի, չնայած ներկայիս դժվար, երբեմն սարսափելի վիճակին: Մյուս կողմից էլ այդ իրավիճակն ավելի է ընդգծում ճիշտ քայլերի կարևորությունն ու սխալներից խուսափելու անհրաժեշտությունը: Իսկ ամենամեծ սխալը կլինի այստեղ` Հայաստանի լեռներում Լոս Անջելեսի ընդերքի անհարթությունները կրկնօրինակելու փորձը:
- Դասավանդում եք ՎԳԻԿ-ում, կինեմատոգրաֆիական դեբյուտների «Կրակի ոգին…» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահն եք: Թերևս Ձեզ հայտնի է, թե ինչպես է մոդելավորվում մոտ ապագայի կինոն:
- Իրոք այդպես է: Այնպես է ստացվում, որ տեղյակ եմ համաշխարհային դեբյուտային կինոյի առաջարկին, դրանում եղած ամեն նշանակալիին` տարեկան կտրվածքով: Միաժամանակ գիտեմ, թե ինչ է տեղի ունեում մեզ մոտ` Ռուսաստանում, քանի որ ունենք նաև ռուսական դեբյուտային ֆիլմերի մրցույթ: Իհարկե, շատ կարևոր է պարզել, թե ինչ է տեղի ունենում ռուսաստանցի կինեմատոգրաֆիստների գլխում և դիտարկել նրանց ֆիլմերը համաշխարհային կինոյի համատեքստում: Ի՞նչ է կատարվում այնտեղ: Կարող եմ ասել` ճգնաժամը ոչ միայն ռուսաստանյան, այլև համաշխարհային կինոյում է, և եթե փորձենք ուրվագծել այդ ճգնաժամի էությունը, ապա առաջին հերթին պետք է ասենք, որ դա պրոդյուսերական ճգնաժամ է: Ըստ իս, պրոդյուսերական աշխատանքը համաշխարհային կինոյում պետքական չափով շարժունակ, ճարպիկ չէ: Չեն ուզում հասկանալ, որ կա ինչ-որ կինո, որը ոչ միայն չի կարող, այլև պետք էլ չէ, որ հսկայական, խելահեղ շահույթներ ու դիվիդենտներ բերի: Այդ կինոն ոչ շատ հեռավոր, բայց ապագայի ներդրում է: Պրոդյուսերներն այսօր էլ դեբյուտներում փորձում են գտնել «էհ, ներդրեցինք տասը ռուբլի, ստացանք տասը միլիոն» տարբերակներ: Մինչդեռ դեբյուտանտներից ոչ ոք չի նպատակադրվում տասը միլիոն շահել, նրանք ուզում են սեփական տեղը գտնել մասնագիտական ոլորտում: Իսկ շահույթով առաջնորդվելու պահանջն իր կինոն ստեղծելու նպատակով տարված մարդուն գցում է երկակի վիճակի մեջ և հանգեցնում ներքին հոգեբանական հակասության ու ճգնաժամի: Իհարկե, կան շատ ուժեղ ու լավ մարդիկ, որոնք կարողանում են հաղթահարել այդ հակասությունը: Եվ այնտեղ, որտեղ նրանք հաղթահարում են այդ ճգնաժամը, տեսնում ենք այն, ինչ անվանում ենք այդ հիմար «հաջողություն» բառով: Ախր հաջողությունն էլ հաջողություն չէ: Իսկ իրական հաջողության առնչությամբ համաշխարհային կինոյի հարուստ ավանդույթներ կան: Ժան Վիգոյի «Ատլանտա» ֆիլմի պրեմիերային (հեղինակն արդեն մահացել էր) ընդամենը 30 մարդ կար, որից 15-ը սրահը լքեցին ցուցադրման ընթացքում: «Ատնլանտան» մինչև այսօր համարվում է համաշխարհային երիտասարդ կինոյի թարմ ու վառ օրինակ, ի դեպ, հասուն կինոյի նույնպես, քանի որ հասուն շրջանում շատ կարևոր է «Ատլանտայի» ոգին չկորցնելը: Մինչդեռ այդ ֆիլմի պրեմիերա 30 մարդ էր հավաքել, այն էլ` մեծ դժվարությամբ: Այ, հաջողության տրամաբանությունն էսպիսին է: Եթե ինչ-որ ընդունակություններ ունես և գիտակցում ես` ինչպես իրականացնել դրանք, ապա ոչինչ չես կարող անել, պետք է ուղղակի ապավինես սփական հոգուդ, և վերջ: Իհարկե, չենք խոսում արտադրական կինոյի մասին, հավանաբար արտադրական կինոն, առանց որի չի կարող գոյատևել ոչ մի մեծ կինեմատոգրաֆ, այլ մեթոդներով է առաջնորդվում, որոնց տեղյակ չեմ, բայց այն կինոն, որը մենք պայմանական հասկացությամբ արվեստ ենք անվանում, արվում է ինչպես, ասենք, XVI դարի ձեռքի աշխատանքը: Իհարկե լավ է, եթե լինի կինոարտադրություն, իհարկե լավ կլիներ, եթե վերածնվեին «Հայֆիլմը», «Երևան» ստուդիան, իհարկե լավ կլիներ, եթե պետությունը գտներ միջոցներ և ամենից կարևորը` ցանկություն, այդ թվում և քաղաքական: Իհարկե լավ կլիներ, բայց եթե ոչինչ չգտնվի, ապա հարկավոր է հենց հոգեբանական, ոգու ուժ ու արիություն, որպեսզի ստեղծվի այն կինոն, որն անհրաժեշտ է ոչ միայն քեզ:
- Այսօր ազգային կինոն կարո՞ղ է արդյոք գոյության ուղիներ գտնել:
- Ազգային կինոն միշտ էլ ապագա ունի, քանի որ ֆիլմի մասին խոսում ենք որպես մարդկային անհատականության արտահայտման: Իսկ մարդկային անհատականությունն ունի ազգային հիմքեր, արմատներ: Երեկ լսածս ցնցեց ինձ: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել Հայաստանում լինելու, բայց տարօրինակ կերպով երեկ առաջին անգամ Սարյանի թանգարանում եղա: Շատ գործեր առաջին անգամ տեսա: Նրա կյանքին իհարկե տեղյակ էի և գիտեմ, որ անգամ անմարդկային ճնշման ներքո կարողացել է պահպանել նախ և առաջ հայ մարդու ոգին: Նույնը և Հրանտ Մաթևոսյանը: Հիշում եմ այն ժամանակները, երբ ընկերություն էին անում Գաբրիաձեն, Բիտովն ու այլք, բայց այնուամենայնիվ ամեն մեկն իր տեսակն ուներ: Հրանտն էլ Մոսկվայում համաշխարհային կինոյի գործը Հայաստանի դասերը հիշելով էր սովորում: Հարկ չկա ոչինչ հնարելու, ամեն ինչ եղել է: Միայն մեր միջից պետք է հանել սարսափելիորեն անիմաստ, անհեռանկար ու ձանձրալի շոուները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ