1in.am-ը գրում է.

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը: 

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում տեղի կունենան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ: 

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանը կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ զինված ուժերի ու Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում: 

Դեկտեմբերի 3-ին պատվիրակությունը կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով միջոցառմանը, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին` Գյումրիում և Սպիտակում երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել