Նալբանդյանը Կիև է մեկնում, որտեղ նաև Մամեդյարովին կհանդիպիPanarmenian.net-ը գրում է.

Վաղը Կիևում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նաՙխարարների հանդիպումը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դեկտեմբերի 4-5 Կիևում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև նախարարների երկկողմ հանդիպումներ:

«Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, կարևոր է գործընթացը կարգավորելու կողմերի ցանկությունը, բայց կարևոր է նաև, որ կարգավորման իրատես մոտեցում լինի: Այսպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահող երկրների նախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են հինգ հայտարարությունների մեջ»,- ասաց նախարարը:

Է. Նալբանդյանի խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում արված առաջարկների և սկզբունքների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը ու առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը»:

Խոսելով նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, արտաքին գործերի նախարարը նշեց, որ այն գնահատվել է որպես կառուցողական հանդիպում: «Հույս ունենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում»,- ասաց Է. Նալբանդյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները չեն հրապարկվում:

Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը, հայտարարել է.«Նորմալ»: Հետագա մեկնաբանություններից Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռնպահ են մնացել:

Մինչ այդ «Հրապարակ» թերթն իր աղբյուրների վրա հղումով գրել էր, որ հանդիպման ժամանակ հայկական կողմը պնդելու է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի մոտ:

Հանդիպման նախօրեին, նոյեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ նախագահի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրույցի ժամանակ Քերին հաստատել էր Վաշինգտոնի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Զրուցակիցները նշել են, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և հարկավոր է մշակել կարգավորման փոխընդունելի մեխանիզմներ հիմնարար սկզբունքների հիման վրա:

Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել