1in.am-ը գրում է.

Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում մեկ անձն օրական օգտագործում է 400 գրամ հաց, սրան գումարած՝ այլ հացազգիների ընդունումը, որն ապահովում է ընդհուպ մինչև 500 գրամ հացամթերքի ընդունում: Առողջության պահպանման տեսանկյունից սա ուղղակի անթույլատրելի է և խոսում է բնակչության աղքատության, անվճարունակության և ոչ ճիշտ սննդակարգի մասին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ հացամթերքի մեծ պահանջարկը հատուկ է պատերազմական իրավիճակներում, և ճիշտ է, որ մարդու սննդակարգում առաջնային տեղը գրավեն բանջարեղենն ու կաթնամթերքը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ցորենի 65 տոկոսը ներկրում է և միայն 35 տոկոս տեղական ալյուրով է հացամթերք թխվում: «Սրան զուգահեռ` մեր երկրում առկա է հացի գնի կրիմինալ թանկացում: Մենք իբր հաց ենք գնում, սակայն իրականում մեր գնածը մեծամասամբ օդ է»,- նշեց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ դրոժի փոխարեն հացաթան օգտագործող հացարտադրող ընկերություններ մեր երկրում գրեթե չկան:

Ասուլիսի մյուս բանախոս, «Քրամս» հացարտադրող ընկերության նախագահ Անի Հարությունյանն իր հերթին նկատեց, որ ոլորտի խնդիրներն սկսվում են հենց հանրապետություն ներկրվող ալյուրի որակից: «Ներկրողից երբեք հնարավոր չէ ճշգրտորեն տեղեկանալ` ինչ տեսակի ալյուր ենք իրենից գնում: Ստիպված ենք լինում գնել տարբեր տեսակի ալյուրներ, որոնք ճիշտ չափաբաժիններով խառնելով` ստանում ենք մեզ պետքական տեսակը: Ինչ վերաբերում է տարեկանի ալյուրին, ապա այն Հայաստան ընդհարապես չի ներկրվում, ստիպված ենք լինում ինքնուորույն, տարեկան կտրվածքով ընդամենը վեց տոննա տարեկանի ալյուր ներմուծել և հատուկ դիաբետիկների համար առողջարար հաց թխել: Տարեկանի ալյուրը ներկրում ենք Վրաստանից, Վրաստանն էլ իր հերթին` Ուկրաինայից»,- ասաց նա:

Անի Հարությունյանի խոսքով՝ իրենց 13 տեսակի հացերը պատրաստվում են ավանդական մեթոդներով` թթխմորով: «Մի գիշերվա ընթացքում մենք չենք կարող ուրիշ հացարտադրողների նման մեկ տոննա հաց թխել, մենք շատ փոքր քանակով` ընդամենը 300 կիլոգրամ արտադրանք ենք տալիս: Մեր թխած տարատեսակ` զեյթունով, չամիչով, չորալոլիկով հացերը վաճառվում են քաղաքի ընդամենը երկու խանութներում, բացի դրանից՝ համագործակցում ենք ռեստորանների հետ »,- ասաց նա` հավելելով, որ դրանց գներն սկսվում են 400-500 դրամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել