
Փողոցներում, որտեղ դու հիմա չկաս, գարուն է,
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն չնկատելով…
իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից, իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների -
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ինչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն`պատկերացնել այն, ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցնեորվ, մարդկանց մեջ,
սրճարաններում, և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…
ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում…