1in.am-ը գրում է.

Ազգային ժողովի դարպասների մոտ նոյեմբերի 3-ին հավաքվել են հարյուրավոր երիտասարդներ, ովքեր բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: 

Երիտասարդները սպասում են համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը ԱԺ-ում: Հավաքվածների ձեռքին բազմաթիվ պաստառներ կան՝ Dem.am «Դեմ եմ ՊԱՐՏԱԴԻՐԻՆ», «STOP կուտակային կենսաթոշակին», «Ո՛Չ պետական գրպանահատությանը» և այլն: Երիտասարդները նշում են, որ հավաքվել են, որպեսզի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել այս օրենքին, ցույց տան՝ ժողովուրդը դեմ է այս օրենքին, այն միտված է ոչ թե բարեկեցությանը, այլ պայմանների վատացմանը: Նրանք կարծում են՝ նոր համակարգն առավելագույն չափով գումարներ խլելու նպատակ ունի: 

«Ուզում են սոցիալական հարց լուծել, թող գնան էդ հարցը լուծեն, մենք մեր խնդիրներն ինքներս կլուծենք: Մինչ օրս 22 հոգի է միացել այս համակարգին, նշանակում է, որ այդքանն են կողմ»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը: Հավաքվածները նշում են՝ մնալու են, չեն արտագաղթելու, մնալու են, պայքարելու են մինչև վերջ, անհրաժեշտության դեպքում ուրիշ քայլերի են դիմելու:

«Պայքարելու ենք մինչև վերջ, ընդ որում՝ ոչ խնդրելով»,- ասում են նրանք: Երիտասարդները մտադիր են նաև Սահմանադրական դատարան դիմել, եթե խնդրին լուծում չտրվի, համակարգի ներդրումը մեկ տարով չհետաձգվի: 

Հավաքվածները ամենատարբեր ոլորտներ են ներկայացնում: Նրանց մեջ շատ են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ովքեր նշում են՝ իրենք ամենից հեշտ կարող են աշխատանք գտնել դրսում, բայց չեն պատրաստվում նահանջել, պայքարելու են իրենց իրավունքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել