Lragir.am-ը գրում է.
Transparency International հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2013 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը: Վարկանիշում 177 երկիր է ընդգրկված: Գնահատականը տրվում է 0-100 բալային համակարգով, որտեղ 0-ը կոռուպցիայի շատ բարձր ընկալումն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի շատ ցածր մակարդակը:
177 երկրների շարքում Հայաստանը մի շարք երկրների հետ կիսում է 94-րդ հորիզոնականը: Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը 36 է: 2012 թվականին Հայաստանը զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը:
Ցուցակը գլխավորում են Դանիան ու Նոր Զելանդիան, որտեղ ցուցանիշը 91 է: Այս երկրներին հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Հոլանդիան, Ավստրալիան, Կանադան:
Հայաստանի հարևան երկրներից Թուրքիան 53-րդն է, Վրաստանը՝ 55-րդը, Ադրբջանը՝ 127-րդը, Իրանը՝ 144-րդը:
Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը, Ղազախստանը 140-րդն է, իսկ Բելառուսը՝ 123-րդը:
Ցուցակը եզրափակում են Հարավային Սուդանը, Սուդանը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Սոմալին: