Երբեմն, որոշ նորահայտ քաղաքական գործիչներ և լրագրողներ չարությամբ գրում են, որ ժողովրդի մի մասի մեջ պահպանվել է կարոտախտը անցյալի նկատմամբ: Ախր, ինչպես այդ կարոտախտը չպահպանվի, երբ ամեն քայլափոխին մարդիկ ստիպված են լինում շփվելու ներկայիս բազում այլանդակ երևույթների հետ և ինքնաբերաբար դրանք համեմատում են «տոտոլիտար» ժամանակների հետ: Եվ օյ, օյ, օյ, ինչպիսի սարսափելի հակադրություն: Վերցնենք սոցիալական կյանքի այնպիսի մի հուժ կարևոր ոլորտ, ինչպիսին է առողջապահությունը, որը կոչված է նպաստելու Հայաստանում մնացած առանց այն էլ մեր փոքրաթիվ ժողավրդի  ֆիզիկական առողջության ամրապնդմանը:
Դե, հիմա մի օրինակ բերեմ, թե ինչպիսի եռանդով ու բարեխղճությամբ են աշխատում Հիպոկրատի երդումը տված որոշ բժիշկներ: Բայց մինչև այդ անհանդուրժելի դեպքի մասին գրելը, նախ ասեմ, թե ինչու հիշեցի անցյալի կարոտախտը: 
1947թ. հինգ տարի Խորհրդային բանակում ծառայելուց և Հայրենական Մեծ պատերազմի քուրայով անցնելուց հետո, որպես երկրորդ խմբի հաշմանդամ, վերադարաձա Երևան: Աշխատանքի բերումով բուժսպասարկման համար կցվեցի 4-րդ բուժվարչության պոլիկլինիկային, որն ավանդույթային կարգով կոչում էին «Լեչկոմիսիա»: Եվ այդ պոլիկլինիկան, ինչպես նաև հանրապետության մյուս պոլիկլինիկաները զարմանալի հոգատար էին իրենց մոտ գրանցված հիվանդների նկատմամբ: Ամեն տարի զանգում էին և հրավիրում այսպես կոչված «դիսպանզերիզացիայի», ստուգում էին մարդկանց առողջությունը ռենտգենով, էլեկտրակարդիոգրամայով և այլն: Եթե պետք էր լինում` բժիշկները տուն էին գալիս: Պարզ է, որ հիմա այդպիսի բան կարելի է միայն երազում տեսնել:
Այժմ այն տհաճ դեպքի մասին, որն ինձ առիթ տվեց գրելու այս նյութը: Նոյեմբերի տասին նշվեց իմ 90-ամյակը: Ցրտերն ուժեղանալու պատճառով վերջերս հիվանդացա` երևի իմ ծերացած օրգանիզմն ընկրկեց: Որոշեցի գնալ իմ ավանդույթային պոլիկլինիկան, որը հիմա կոչվում է Վլ. Ավագյանի անունով, և հանդիպեցի ինձ համար անսպասելի մի սյուրպրիզի: Ասացին, որ մեզ սպասարկող բժիշկը գնացել է, կարող եք գալ վաղը: Ինձ համար չափազանց դժվար է նորից գալ, խնդրեցի մեկ ուրիշ բժշկի մոտ ուղարկել: Քարտատեկայի աղջիկն ասաց` խոսեք բժշկուհի Ալլա Բաղդասարյանի հետ, եթե կընդունի, քարտն ուղարկենք նրան: Եվ ինչ, եթե մի հրաշքով Հիպոկրատը կանդանանար և ներկա լիներ մեր խոսակցությանը և տեսներ, թե ինչպես բժշկուհու դեմքը խոժոռվեց, մի տեսակ մթագնվեց, անպայման կասեր հետ տվեք ձեր դիպլոմը, որովհետև դուք անտեսում եք իմ երդումը: 
Հետաքրքիր է նաև, որ երբ ես բողոքեցի տնօրենի բուժ. գծով տեղակալ Կարինե Զիգֆրիդովնային, նա հանգիստ ու անվրդով պատասխանեց՝ «մենք ինչ անենք` կառավարության որոշումն է»: Դե ուրեմն, կեցցե մեր կառավարությունը և նրա որոշումները մեկնաբանող Առողջապահության նախարարությունը:       

   Եվ այդպես, ես տաքսի նստեցի ու մռայլ մտքերով տուն վերադարձա՝ առանց բժշկական օգնության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել