Psymag.am-ը գրում է.

Ցավոք սրտի, ծնողական դաստիարակման այն սցենարները, որոնք քննարկվում են այս հոդվածում, շատ տարածված են և հաճախ են հանդիպում ընտանիքներում: 
Այսպիսի դաստիարակության հետևանքով երեխայի մոտ առաջանում են պահվածքի կարծրատիպեր, որոնք բացասական ազդեցություն են ունենալու երեխայի հետագա կյանքի վրա: Այդ սցենարներից ազատվելը հաճախ շատ բարդ է լինում, անգամ երբ երեխան արդեն մեծ մարդ է: Իհարկե, այստեղ կխոսենք միայն ընդհանրացված ձևով, բայց դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելի է երկար ծավալվել:

Եվ այսպես, այն 12 սցենարները, որոնց մասին ցանկանում ենք խոսել.

1.«Ավելի լավ էր դու չծնվեիր» կամ ժողովրդական լեզվով ասած` «չունենայի/չունենամ քեզ»: Սա ամենաքայքայիչ սցենարն է: Երեխային սկսում է տանջել մեքի զգացումը: Կարող է գալ մի պահ, երբ երեխայի գլխում միտք ծագի, որ ժամանակն է ազատել ծնողներին իր ներկայությունից: Առաջանում են սուիցիդալ հակումներ:

2. «Մի՛ եղիր այնպիսին, ինչպիսին կաս»: Ծնողները ներ են շնչում երեխային, որ նա այնպիսին չէ, ինչպիսին պետք է: Արդյունքում` երեխայի մոտ ձևավորվում է կարծիք, որ ինքն այնպիսին չէ, ինչպես բոլորը: Երեխան տառապում է անլիարժեքության զգացողությունից և իր ու շրջակա աշխարհի միջև դնում անտեսանելի պատ: Առաջանում է էքզիտենցիալ դեպրեսիա` կյանքի էներգիայի, ցանկությունների բացակայություն:

3. «Իմ սեփականն ես»: Երեխային անընդհատ կրկնում են. «Իմ տղան/աղջիկն ես, իմ համար ես ծնվել, առանց ինձ ի՞նչ պիտի անես և այլն»: Արդյունքը` լիակատար ինֆանտիլություն և մոտիվացիայի բացակայություն: Երեխայի մոտ ամեն նորի նկատմամբ վախ է առաջանում: Չէ որ մամայի փեշի տակ տաք է և հարմարավետ:

4. «Երեխա մի՛ եղիր»: Նախորդի լրիվ հակառակ տարբերակն է, երբ երեխային անընդհատ հանդիմանում են. «Երեխա մի՛ եղիր, մեծ ու լուրջ եղիր»: Արդյունքում` երեխայի մոտ ազատ էներգիան մարում է:

5. «Մի՛ արա, միևնույն է լավ չես անելու, քեզանից հետո պետք է նորից դա անել»:  Հետևանքը` մի դեպքում երեխայի մոտ սկսում է վերանալ նախաձեռնողականությունը, առաջանում է վստահություն, որ նա բանի պետք չէ, և այն ամենը ինչ ինքը սկսի, միևնույն է հանգեցնելու է անցանկալի արդյունքի: Մյուս դեպքում ձևավորվում է «Ամեն ինչ ծնողներին հակառակ» պահելաոճ:

6.  «Ոչ մեկին մի՛ վստահի»: Հետևանքը հանդիսանում է այն, որ երեխային հետագայում դժվար է լինելու վստահելի և երկարատև հարաբերությունների մեջ մտնել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, կազմել ընտանիք: Ինչպե՞ս կարելի է վստահել օտար կնոջը/տղամարդուն: Նա միայն մի նպատակ ունի`շահագործել ինձ:

7. «Ինչպե՞ս կարող ես այդքան քեզ լավ զգալ, երբ մայրդ/հայրդ տառապում են»: Հաճախ նման իրավիճակներ ստեղծվում են այն ժամանակ, երբ ծնողները խնդիրներ են ունենում, օրինակ, աշխատավայրում, իսկ երեխան ցանկանում է կիսվել նրանց հետ իր ուրախությամբ: Ամենայն հավանականությամբ, հաջորդ անգամ երեխան կփորձի իր հաջողություններով չկիսվել:

8. «Մի՛ եղիր լիդեր»: Այստեղ աշխատում են «քեզ պե՞տք է, որ խառնվում ես, պետք չի՛ աչքի ընկնել, ցուցամոլություն մի՛ արա» և նման սկզբունքները: Մարվում են լիդերության և նոր գաղափարներ տալու հակումները: Պետք է լինել այնպիսին ,ինչպես բոլորը… Մի խոսքով` մենք` բոլորս, հավասար ենք:

9. «Հեչ ինձ նման չես»: Երբ ծնողները սկսում են տարվել նման արտահայտություններով, երեխայի մոտ կորում է պատկանելիության զգացողությունը: Նա դառնում է կասկածամիտ, նվազում է վստահելու ունակությունը:

10. «Էլ մի՛ փիլիսոփայի/գիտունիկություն արա, քեզ դեռ վաղ է դրա մասին մտածել»: Նման արտահայտությունները հիմնականում սկսում են հնչել այն ժամանակ, երբ երեխան սկսում է ճանաչել ու բացահայտել շրջակա աշխարհը: Մի՛ մտածի սեքսի մասին, աղջիկների մասին, փողի մասին, ծնողի սխալների մասին… Արդյունքում կորում է ինչ-որ բան հետազոտելու ցանկությունը:

11. «Մի՛ զգա»: Սա երեխայի ուղեղում սկսվում է ձևավորվել, օրինակ, այնպիսի դեպքերում, երբ ծնողն ասում է. «Ցուրտ է, շոր հագի» կամ «Մրսում եմ, շոր հագի»: Երեխան ասում է, որ չի մրսում, բայց նրան սկսում են համոզել, որ ինքը չի զգում: Զգացողություններ և զգացմունքներ ունենալու ուղիղ արգելք է: Երեխան սկսում է մտածել` իսկ ինչո՞ւ ինչ-որ բան զգամ, երբ իմ զգացողությունները ճիշտ չեն: Ավելի լավ է ես ճնշեմ դրանք:

12. «Հաջողություններ մի՛ ունեցիր»: Նման սցենարը ձևավորվում է այն ժամանակ, երբ երեխան ինքնուրույն որևէ բան անել, իսկ նրան վրաերթի են ենթարկում դրա համար: «Դու անլուրջ բաներով ես զբաղվում, գնա՛ գիրք կարդա» կամ ավելի մեծ տարիքում` «Անլուրջ գործերով ես զբաղվում, գնա՛ «ախրանիկ» աշխատի»: Արդյունքում` երեխան որոշում է, որ չպետք է հաջողություններ ունենալ: Իսկ ինչո՞ւ: Որովհետև նման դեպքերում ծնողները դադարում են իրեն սիրել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել