Մեզնից շատերը առիթը բաց չեն թողնում խոսելու մեր մի քանի հազարամյա պատմության մասին, որ մենք ունեինք պետականություն էն ժամանակ, երբ դեռ ռուս ազգը գոյություն չուներ, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, ունենք դարավոր ավանդույթներ և այլն: Ռուսական գաղութացման տարիները թուլացրել են, գրեթե վերացրել ազգային ինքնիշխանության ձգտումը, ԽՍՀՄ տարիներից դեռ շատերի մոտ մնացել է «ռուսամոլությունը»: Միակ բանը, որ մեզ իսկապես կապում է ռուսների հետ, դա մոտ 150 տարի ռուսական (հետագայում սովետական) կայսրության իշխանության տակ գտնվելն է: Ու շատ բնական է, որ դրանից հետո ռուսական իշխանությունները մեզ վերաբերվում են որպես գաղութ: Փաստն այն է, որ շատերիս համար բնական է Ռուսաստանի իշխանության ներքո գտնվելու միտքը, մեր «իշխանություններն» էլ ամեն կերպ դա ամրապնդում են՝ նշելով մեր «դարավոր բարեկամությունը և մշակութային կապերը», մեր ազգային անվտանգության կախվածությունը Ռուսաստանից: Այնինչ, մենք ռուս չենք, մենք սլավոնացի չենք, մեր մշակութային կապերը հույների, իտալացիների, ֆրանսիացիների, մյուս եվրոպական ազգերի հետ ավելի հին են, Արցախյան պատերազմում հաղթեցինք մենք, ոչ թե Ռուսաստանը, ով աջակցում էր Ադրբեջանին, ու հիմա էլ ամեն կերպ սատարում է և զենք վաճառում: Այն Ռուսաստանը, որտեղ ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով են դատարան տանում: Ռուսաստանը մեզ երբեք էլ չի դիտարկի որպես անկախ պետություն, մինչև ինքներս ցույց չտանք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը:
Ուկրաինացիները, միանշանակ, ավելի խոր կապեր ունեն ռուսների հետ, միևնույն սլավոնական արմատներն ունեն, ունեն նման լեզու, այբուբեն, ազգային սովորույթներ ու բազմամյա համատեղ պատմություն: Բայց դա չի խանգարում ուկրաինացիներին արտահայտել իրենց ազգային դիրքորոշումը՝ առաջնորդվելով իրենց ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՎ, ոչ թե դարերի ավանդույթներով: Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ը վերածնելու փորձ է, ռուսական տնտեսությունը հիմնված է միայն նավթի և գազի վրա, որոնց պաշարները վաղ թե ուշ կսպառվեն, Մաքսային միության անդամ 3 երկրներում էլ չկա ժողովրդավարական իշխանություն: Ուկարինացիները դա շատ լավ հասկանում են նաև, որ իրենց զարգացումը միանշանակորեն կապված է Եվրոպայի, Եվրոպական միության հետ: Հասկանում են ու պայքարում, պայքարում ողջ ազգով, պայքարում իրենց ապագայի համար: Նրանք ցույց են տալիս, որ «Ще не вмерла України і слава, і воля»: #євромайдан
Իսկ մենք, մենք ուրախանում ենք «ցարի գալուստով» և ամեն կերպ խանգարում սակավաթիվ պայքարողներին: Ե՞րբ պիտի մենք էլ նորից միավորվենք մեր ապագայի համար, ե՞րբ: 88-ին մեզ չկարողացան կանգնեցնել ո՛չ ԽՍՀՄ զորքերը, ո՛չ երկրաշարժը, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ սովետամետ հայերը: Հիմա ավելի մեծ հնարավորություններ ունենք մեր ազգային շահերը պաշտպանելու, բայց, ավաղ, չկա միասնություն, չկա պայքար: Մինչև ե՞րբ...



