Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների:


Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանանում է «Գրան-Պրի»-ի: 1996-ին մասնակցում է «Յալթա-Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում, Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկրորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև, ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ: Արամը իրենց դիմացի բակից էր ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում: Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին, լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:

2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում: 
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն ստիպված են լինում ուշ գիշերի վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: 
Մեքենայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում: 
2006-ին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կոչում: 
Նույն թվականին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ: 
2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով սկսում է զբաղվել Վարդուհու քույրը` Քրիստինեն: Հիմնադրամի և երգչուհի Սյուզան Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է համերգ-երեկո` Վարդուհու հիշատակին նվիրված, որը անվանվում է «Դեպի եկինք»:
2007-ին` դեպքի առաջին տարելիցի առիթով, հիմնադրամը թողարկում է Վարդուհու հետմահու առաջին ձայնասկավառակը` «Միայն դու» անվանմամբ, ուր տեղ են գտնում նրա անգլերեն և ռուսերեն կատարումներից տասը: Նույն թվականին կազմակերպվում է հուշ-երեկո` «Մեկ տարի քեզ հետ և առանց քեզ» խորագրով, որի ժամանակ տեղի է ունենում բոնուս երգի պրեմիերա, որն անվանվում է «Ես անչափ սիրում եմ ձեզ»` Վարդուհու վերջին խոսքերով:
2008-ին տեղի է ունենում ևս մեկ սկավառակի շնորհանդես: Սկավառակը կոչվում է «13 SONGS», քանի որ Վարդուհին այն իր երջանիկ թիվն էր համարում: Այս սկավառակում տեղ են գտնում բացառապես հեղինակային կատարումներ` Վարդուհուն նվիրված: 
Այս ընթացքում կազմակերպվում է ևս մեկ երեկո` նվիրված Վարդուհուն` «Քո երգերը քո ընկերների շուրթերից» խորագրով: 
2011 թվականին լրացավ սիրելի երգչուհու 35-ամյակն ու դժբախտ պատահարի 5-րդ տարելիցը: Այս առիթով հիմնադրամը թողարկեց Վարդուհու ևս մեկ ձայնասկավառակ, որն անվանվեց «ԻՄՆ ԵՍ»՝ սկավառակում տեղ գտած համանուն ստեղծագործության վերնագրով: Այնտեղ տեղ գտան երգչուհու երբևէ չթողարկված երգերից 15-ը: 
Սակայն, սա դեռևս ամենը չէր: Սկավառակի թողարկումից մի քանի ամիս անց կայանում է մեծ հուշ-երեկո՝ Վարդուհուն նվիրված: Համերգն անվանվում է «Իմն ես»: Համեգին իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին: Նա կատարում է մայրիկին նվիրված «Արև» երգը, որի հեղինակը Սիրուշոն է: Այս երեկոյի ընթացքում Վարդուհու բազմահազար եկրպագուներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեղի ունեցավ Վարդուհու հիշատակին նվիրված ևս մեկ երգի պրեմիերա, որի տեսահոլովակի նկարահանման և ձայնագրման աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին՝ Ռուբենը: 
Հիշեցնենք, որ կազմակերպվող բոլոր երեկոներից և թողարկվող բոլոր սկավառակներից ստացվող ամբողջ հասույթը փոխանցվում է «ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ին, որով հիմնադրամը կարողանում է կյանքի կոչել երգչուհու շուրջ 5 սկավառակ լրացնող անավարտ աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել