Ավարտվեց ծառայության առաջին՝ իմ բնորոշմամբ նախապատրաստական փուլը: Սկսվում է երկրորդ՝ ավելի կարևոր, ավելի պատասխանատու մի շրջափուլ: Շուրջ 5 ամիս անցավ այն օրից, երբ ես եկա Հայոց բանակ: Քանի որ մի քանի օրից սկսվում է զորակոչը, ուզում եմ մի քիչ կիսվել տպավորություններով և որպես քիչ թե շատ փորձառու զինվոր՝ այսուհետ կրտսեր սերժանտ, կուզենայի մի քանի եղբայրական խորհուդ տալ նորակոչիկներին: Նախ ասեմ, որ եթե չկա գիտակցում և կամք հայրենիքին ծառայելու, ժողովրդի նկատմամբ սրբազան պարտքը կատարելու, ապա անհամեմատ ավելի դժվար է լինելու ձեզ համար: Լինել զինվոր` դա ոչ միայն պատվաբեր է, այլև շատ պատասխանատու մի գործ է, և իմ կարծիքով յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է երազի ծառայել, որովհետև իմ ծառայության ընթացքում ես հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ ծառայելը դա պարտավորություն չէ, այլ իրավունք է: Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իր ազգին ու հայրենիքին ծառայելու, մեր պապերի սրբազան գործը շարունակելու: Լավ կլինի, որ բոլորը հասկանան և ունենան նման գիտակցում: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ բանակում նման հայորդիների, անձամբ ես, քիչ եմ հանդիպել, շաաատ քիչ, բայց ուրախալի է, որ կան այդպիսինները: Հենց նրանք են ապահովում մեր պետական ու ազգային անվտանգությունը, ժողովրդի խաղաղ քունը, բանակի մարտունակությունը, և փառք ու պատիվ նման զինվորներին: Ինչպես հայտնի է, շատ երիտասարդներ այսօր ցանկություն չունեն ծառայելու: Պատճառները շատ են: Բնականաբար ծառայությունը այնքան էլ հեշտ երևույթ չէ: Ապրել քո ընտանիքից, քո հարազատներից հեռու, զրկված լինել քո քաղաքացիական կյանքից, դժվար է, բայց եթե գիտակցես, որ գնում ես հենց քո ընտանիքին ու հարազատներին, հայրենի հողն ու ջուրը, քո տունը բիրտ թշնամուց պաշտպանելու, ապա այդ ժամանակ դու կհպարտանաս քեզանով, դու կլինես օրինակելի զինվոր, հոգեպես շատ բավարարված կզգաս: Պետք է փաստել, որ, այո՛, բանակը այսօր շատ բարեփոխումների կարիք ունի, բայց պետք է նաև հասկանալ մի պարզ իրողություն, որ բանակը սկսվում է ընտանիքից, տվյալ ընտանիքում դաստիարակված մեկ զինվորից և հենց ընտանիքից ստացված դաստիարակությունը ամենամեծ գործոնն է, որը ապահովելու է բանակի մարտունակությունը, զինվորների միջև ընկերականությունը, համբերատարությունն ու ներողամտությունը: Առաջին հերթին պետք է բարեփոխել, դաստիարակել շատ ու շատ զինվորների: Այս խոսքերը շատերը կարող են կարդալ քամահրանքով և անտարբեր` չհամաձայնելով ինձ հետ, ծառայությունը համարելով սխալ և անպետք երևույթ: Նրանց իրավունքն է, բայց ես անվարան, ի լուր աշխարհի, կարող եմ հայտարարել, որ ես հպարտ եմ, անսահման հպարտ եմ որ ծառայում եմ հայոց հաղթանակած բանակում, ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը, ես սիրում եմ իմ հայրենի հողն ու ջուրը, իմ ազգային պատմությունն ու մշակույթը, իմ ազգային դիմագիծը, իմ ազգի մեծերին և հերոսներին, իմ բազմաչարչար ժողովրդին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ծառայակից ընկերներիցս շատերը խոստովանում են, որ ես կարողացել եմ իմ դրական անձնական օրինակով նրանց մեջ շատ բան փոխել, շատերին եմ վարակել իմ հայրենասիրությամբ և այս փաստն ինձ անչափ ուրախացնում և էլ ավելի է պարտավորեցնում: Եվ սրանից հետո, քանի որ ինքս եմ լինելու ջոկի հրամանատար, ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի իմ զինակից ընկերների մեջ սերմանեմ այդ վեհ զգացմունքը, ազգային գաղափարախոսությունը, սերն առ հայրենիք և հուսով եմ, որ իմ մոտ դա կստացվի:
Մեծն Նժդեհն ասում էր.
«Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն է»:
Մենք՝ լինելով զինվոր, պետք է լինենք այդ առաքինության թագակիր ասպետները:
Այս թեմայի մասին կարելի է երկար խոսել: Ինչևէ: Մեր նորակոչիկներին մաղթում եմ բարի և գիտակցված ծառայություն: Սկզբից մի փոքր դժվար է լինելու, բայց հաստատ իմացեք, որ դա անցողիկ է, շատ շուտ կհամակերպվեք զինվորական կյանքին ու առօրյաին: 2 տարին այնքան շուտ կանցնի, որ չես էլ նկատի, թերևս կնկատես, թե ինչքան լավ բան ես քաղել բանակից, ինչ ձեռքբերումներ ես ունեցել, ֆիզիկապես և հոգեպես առողջ ու տոկուն ես դարձել, դիմացկուն, համառ, պատրաստ կյանքում սպասվող շատ դժվարությունների ու մարտահրավերների դիմակայելու, մարդկանց օգնելու և շատ այլ խնդիրներ լուծելու:
Հ.Գ.Եկեք ծառայենք մեր հայրենիքին: Պաշտպանենք մեր հայրենիքը այժմ և միշտ:
Հայ զինվոր
Կրտսեր սերժանտ Միքայելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել