1in.am-ը գրում է.

Էդվարդ Սնոուդենն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային լրտեսման մասշտաբային ծրագրերի իր բացահայտումներով աղետալի վնաս է հասցրել ԱՄՆ անվտանգությանը: Այսպիսի գնահատական է տվել ԿՀՎ նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Մայքլ Հեյդենը՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Fox հեռուստաալիքի եթերում Հեյդենն ասել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Սնոուդենը ամերիկյան հետախուզության գործունեության մասին հրապարակել է իր ունեցած ոչ բոլոր գաղտնի փաստաթղթերը:

ԱԱԳ և ԿՀՎ նախկին ղեկավարը մեկնաբանել է այն կարծիքը, թե Սնոուդենն իսկապես տվյալների ծածկագրված արխիվ է ստեղծել, որը կհրապարակվի, եթե իր հետ որևէ բան պատահի: Այդ առնչությամբ Հեյդենն ասել է. «Ես պատճառ չունեմ դա կասկածի տակ դնելու»: Նրա գնահատմամբ՝ այդպիսի արխիվի ստեղծումը «այնպիսի միջոց է, որին այն աստիճանի խելացի մարդը, ինչպիսին իրեն ցույց տվեց Սնոուդենը, հավանաբար կդիմի»:

Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավելի լավ կլինի ստեղծված իրավիճակում ԱՄՆ իշխանությունները պարզապես հանգիստ թողնեն Սնոուդենին, Հեյդենը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա ևս ճիշտ չէր լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել