Շոու, Անդրանիկ Մանուկյան, Հայաստան, Mardik.am-ը գրում է.

Հայտնի երաժիշտ, ազգագրագետ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը (Սասնա տղա) ինչպես հայտնի է, որոշել  է քաղաքական ապաստան հայցել օտար պետությունից: Ֆեյսբուքյան որոշ  օգտատերեր  քննադատել են   Անդրանիկ Մանուկյանի այդ քայլը՝ասելով, որ փոխանակ մնալու ու պայքարելու,ազգագրագետը որոշել է նահանջել: 

Mardik.am-ի հետ զրույցում  պրն Մանուկյանն ասաց, որ ինքը  չի պատրաստվում իր կյանքն անիմաստ զոհել շներին կամ գելերին, գերի դառնալ սրիկաներին, երկրորդ՝ ինքը մինչ նման որոշում կայացնելը, իմաստավորված  է ապրել է  իր հող ու ջրի վրա: «Ես այսօր չգիտեմ՝ ում դեմ պայքարեմ: Եթե ես այսօր պետք է պայքարեմ իմ ներքին թշնամիների դեմ, ապա, ցավոք, նրանք  ներկայացնում են երկիր, ուժ, պետականություն, որոնց դեմ  պայքարելն անիմաստ եմ համարում»,- ասաց սարկավագը՝ հավելելով, որ, ի տարբերություն շատերի, որոնք անօրինական ճանապարհով են Հայաստանից հեռանում և օտար ափերում տարիներ շարունակ ապրում  փախստականի  կարգավիճակում, ինքն օրինական  ճանապարհով է լքում իր հայրենիքը: «Ինչի են ինձ անպատվում, անվանում անբարոյական: Մի անառակի որդի եկել և ինձ ասում է՝ շոու ես սարքում, որ փող ստանա՞ս: Դե եթե պայքարող անհատին համարում են անբարոյական, մենք էլ քաղաքակիրթ ձևով մեր հարցերը կլուծենք»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ ինքը դրսում կշարունակի  ստեղծագործել:

Եթե տարիներ առաջ Անդրանիկ Մանուկյանը քիչ թե շատ  մեղադրում էր ՀՀ-ից հեռացողներին, հիմա ընդհանրապես չի մեղադրում: Հիմնականում  մեր քաղաքացիները,  ըստ ազգագրագետի, մեր պետությունից հեռանում են, որովհետև  Հայաստանում օրենքները չեն գործում: «Աստված ասում է՝ եթե քեզ մի տեղ հալածում են, գնա ուրիշ տեղ, չէ որ ուրիշ տեղեր էլ կան բերրի հողեր, գնա այնտեղ արարի»,- Աստվածաշնչից մի նախադասություն է  մեջբերում Սուրբ Կաթողիկե եկեղեցու  հոգևոր սպասավորը:

Սարկավագի կարծիքով իր այս  քայլից ոչ թե ինքը պետք է  ամաչի կամ վատ զգա, այլ ՀՀ նախագահը, վարչապետը, քաղաքապետը և մյուս պաշտոնյաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել