Բորբ արևը օրն է օծում
Արևելքից՝ որպես կերոն.
Ննջարանում աչքն են բացում
Երեք միլիոն Նապոլեոն։

Ոտքին հագնում հողաթափը,
Քամակի աջ թուշն են քորում,
Դատարկում են միզապարկը
Երեք միլիոն Նապոլեոն։

Շվացնում են տաք դուշի տակ,
Ներբող երգում՝ ինչպես Ներոն,
Շորեր հագնում, իջնում են բակ
Երեք միլիոն Նապոլեոն։

Քննարկում են երկրի հալը.
Մեկը չկա՝ ականջ դնի,
Գրի առնի «կապիտալը»
Երեք միլիոն Նապոլեոնի։

 

 Ամեն մեկս՝ մի նախարար,
 Մի փորձագետ քրեականի,
 Խոր մասնագետ ու շինարար,
 Երեսփոխան, ավագանի։

 Ամեն մեկս ծնված օրից՝
 Քաղաքագետ, իրավաբան,
 Ամեն մեկս յուր մոր փորից՝
 Լավ մոտորիստ ու երգահան։

 Ստից գործով մենք չենք զբաղվում.
 Ազգս դրա զահլան չունի։
 Զուր չեն, ախր, մեզ անվանում
 «Ազգ՝ բյուր միլիոն Նապոլեոնի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել