1in.am-ը գրում է.
Եգիպտոսում սահմանադրական հանձնաժողովին հաջողվել է զինվորականների կողմից հատկացված 60 օրվա ընթացքում ավարտել երկրի Հիմնական օրենքի վրա աշխատանքները:
«Բոլոր հոդվածների վերաբերյալ ձեռք է բերվել ամբողջական կոնսենսուս: Ոչ մի վիճելի հոդված չի մնացել»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ամր Մուսան:
Այսօր «Հիսունի խորհուրդը», ինչպես անվանում են Սահմանադրական հանձնաժողովին, պետք է սկսի քվեարկությունը: Ինչպես սպասվում է, այն կավարտվի կիրակի օրվանից ոչ ուշ: Հաջորդ շաբաթ նոր Սահմանադրության նախագիծը պետք է փոխանցվի Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին՝ ստորագրելու, որից հետո հայտնի կդառնա համընդհանուր հանրաքվեի կոնկրետ ամսաթիվը:
«Հիսունի խորհրդի» մեջ մտնում են հիմնական քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ընդդիմության, կրոնական համայնքների, արհմիությունների, ուսանողական միավորումների և կանանց շարժման ներկայացուցիչներ:
Ըստ «Հիսունի խորհրդի» ղեկավար Ամր Մուսայի՝ նոր Սահմանադրությունը կարգելի քաղաքական կուսակցություններ ձևավորել կրոնական սկզբունքներով: