1in.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ից Հայաստանը շրջադարձ է կատարում, և այդ շրջադարձի համար ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրոպան է մեղավոր: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Եվրոպան միշտ հիասթափեցրել է Հայաստանին՝ սկսած Խրիմյան Հայրիկին խաբելուց, վերջացրած Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի հետ հարաբերություններում շահարկելով և մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով: Այնպես որ, ստեղծված իրրավիճակում Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել՝ գնալով Մաքսային միության, այլ ոչ՝ Ասոցացման համաձայնագրի ճանապարհով: Մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանը փորձում էր կոմպլեմենտարիզմ պահել, սակայն ապարդյուն»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի խոսքով` Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցումը, սակայն, ոչ մի դեպքում չի կարելի ստորաքարշության տոնահանդեսի վերածել: «Պետականություն կառուցելը մեր խնդիրն է, և պետականություն կառուցելու փորձ ունեցող մեր երկիրը այս հարցում չպետք է թույլտվություն վերցնի «մեծ պապայից»՝ Ռուսաստանից»:

Քաղաքագետը նաև նկատեց, որ որքան էլ Հայաստանն ընտրած լինի Եվրասիական միության ուղին, միևնույն է, Եվրոպան չի ցանկանա «կապից դուրս թողնել» նրան, ավելին՝ ամեն կերպ ջանքեր կգործադրի ռուսական ազդեցության գոտի մուտք գործելու համար: 

Ամփոփելով՝ Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցին: «Մեզ հետ բարեկամություն անելու է գալիս աշխարհի գերհզոր պետության նախագահը: Իսկ իր հեր մեծաքանակ պատվիրակություն բերելով՝ նա ցույց է տալիս Հայաստանի հանդեպ ունեցած հարգանքը: Պուտինը ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է այնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան կմեկնարկի Գյումրիից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել