1in.am-ը գրում է.
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ՀՀ կառավարության հայտարարած «ազատ երկնքի» քաղաքականությունը դրական չի գնահատում և կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային նոր ավիափոխադրող: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Նախ՝ «ազատ երկնքի» քաղաքականություն հայտարարվում է պատերազմների ժամանակ, իսկ խաղաղ պայմաններում նման նախաձեռնությամբ հանդես գալը թուլության նշան է: Այո, «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ հայտարարվեց, և դա շատ բացասական երևույթ էր: Գործն այդտեղ չպետք է հասներ: Կարծում եմ, որ Հայաստանին կամ նոր ավիափոխադրող է անհրաժեշտ, կամ պետք է համապատասխան մրցույթ հայտարարվի: Սակայն նոր ավիափոխադրող զրոյից չի կարող ծնվել: Մեր երկրի ռեսուրսները մեծ չեն, կապիտալ չկա, որ նման բան հնարավոր լինի, հետևաբար ստացվում է, որ պարտավորությունները պետք է ստանձնի արտասահմանյան որևէ ավիաընկերություն»,- ասաց նա:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա հանգուցային կետ, մինչդեռ ինքը չի տեսնում ՀՀ կառավարության տնտեսական հստակ, հեռանկարային գիծ: «Այդ գիծը չեմ տեսել ոչ անցյալում, ոչ էլ ապագայում եմ տեսնում, քանի որ հստակ քայլերը բացակայում են: Մենք բավականին շահեկան դիրքում ենք, որպեսզի տարանցիկ երկիր հանդիսանանք այլ երկրներ հասնելու համար»,- ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահը:
Ամփոփելով՝ Արմեն Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ ավելի նախընտրելի է, որ Հայաստանը պետական մասնակցությամբ և մասնավոր հատվածի համատեղությամբ ավիափոխադրող ունենա:
«Առաջատարը պետք է լինի մասնավորը, բայց համատեղ ընկերության դեպքում ձեռնարկատիրոջ առարկայական ներդրումը կապիտալն է, իսկ պետության ներդրումը՝ երաշխիքները»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «ազատ երկնքի» քաղաքականության մասին հայտարարել էր վերջերս: Դրա մասին հայեցակարգը հաստատվել էր կառավարության նիստում: