Հեղաշրջումը հետևանքն է, պատճառը՝ այն փոփոխությունների անխուսափելիությունը, որով ցանկանում են մաքրել հինն ու նորի առաջ ճանապարհ բացել: Գուցե դա կյանքի լավագույն հայտնագործությունը չէ և դրա հետ սովորաբար, իշխանությունները չեն համաձայնում, բայց ինչ արած, նույնիսկ, եթե հեղափոխությունն անհաջող է ավարտվում, իր մեջ հիմնականում այդ իմաստը պահպանում է:
Եթե հեղափոխությունը կայանում է հեղափոխությունից առաջ, ուրեմն չի կայանում, եթե հետո՝ ուրեմն գունավոր է: Բայց, որքան էլ լինի գունավոր, միևնույն է, ի վերջո դասավորվում է շախմատի սև ու սպիտակ դաշտում, ուր իշխանություն ունենալու ձգտումը՝ զինվորից թագուհի դարձնելու մղումն է, որ ուժ է տալիս հեղափոխության զգացման պակասը թեթև կրելու համար:
Հեղափոխության նպատակը թաքցնում են միջոցները. պետք են շատ թույլեր, որոնք հեղափոխություն անելու ուժեղ ցանկություն ունենան, և որքան իրական պատճառները խորանում են, այնքան մակերեսում գտնվողների կարիքը մեծանում է: 
Հեղափոխությունների մեջ էլ հումորային բան կա, որն այնքան էլ ծիծաղելի չէ, օրինակ՝ ինչքան նրանց թիվն աճում է, այնքան բնակչության թիվը կրճատվում է: 
Դուք հարցնում եք` ինչո՞ւ չի կայանում հեղափոխությունը, եթե այն ընդդիմության ձեռքո՞ւմ է, ես ասում եմ, որովհետև ընդդիմությունն էլ իշխանության ձեռքում է: Եվ դա արդեն ծիծաղելի չէ: 
Ամենավատը հեղափոխության համար այն է, որ վիճակն այնպես վատ չէ, որ հեղափոխություն լինի և պատահականություն չէ, եթե չի լինում, ուրեմն կամ ներքին հնարավորություններն ուժեղ չեն կամ արտաքին ճնշումներն են դեռ թույլ:
Հայրենասիրությունն անձնազոհություն է, որ շրջապատը ողողում է լույսով, իսկ հեղափոխությունը նույնպես անձնազոհություն է պահանջում, որ շրջապատի հետաքրքրությունը սնի: Սենյակային բոլոր ճանճերն էլ տզզում են միայն ֆա մաժոր ուրախ տոնայնությամբ, բայց մի քանիսի համար, այնուամենայնիվ, այն դառնում է կարապի երգ, եթե մարդիկ ծափ են տալիս: Ոչինչ հեղափոխությանն այնքան չի զարդարում, որքան իշխանության դաժան ծափահարությունը: Իսկ ընդհարման ընթացքում մեղմ ապտակներից ձեռք բերած սպիները, որ զարդարում են հեղափոխականի դեմքը, արդյո՞ք ժառանգաբար փոխանցվում են որդիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել