Hartak.am-ը գրում է.
Հազարավոր քոմենտներ, տասնյակ հազարավոր դիտումներ, տասնյակ հազարավոր բռավոներ, կամ ֆեյսբուքյան լեզվով ասած` լայքեր ստացած «Անպետք» վերնագիրը կրող Արշակ Զաքարյանի կարճամետրաժ ֆիլմը, հիրավի, հեղափոխություն էր հայ կինեմատոգրաֆիայում: Օրեր առաջ պատիվ ունեցա այս ֆիլմի մասին «Ըստ իս՝ 11 րոպեանոց այս ֆիլմի անձնակազմը պետք է անհապաղ պետական մրցանակ ստանա» վերնագրով մի փոքրիկ հոդված գրել: Երևի խոսքերով անհնար է նկարագրել, թե ինչ արձագանքներ ստացա, նույնիսկ նրանք, ովքեր քաղաքական նկատառումներով միշտ ընդդիմանում էին ինձ, մի կողմ թողնելով քաղաքական ամբիցիաները, շնորհակալական խոսքերով նամակներ էին գրում: Նրանք շնորհակալ էին, որ ես պատճառ հանդիսացա, որպեսզի նրանք այս ֆիլի վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնեն: Թող «ամպագոռգոռ» ընկալվի իմ հետևյալ արտահայտությունը, բայց չեմ կարող չասել` այս ֆիլմը համախմբեց հանդիսատեսին, այնպիսի տպավորություն էր, որ մադիկ այս ֆիլմը դիտելուց հետո ինքնամաքրվեցին:
Այս ֆիլմի մասին կարելի է երկար խոսել, սակայն շատ կցանկանայի խոսել այս ֆիլմի գլխավոր դերակատարի` Գեորգի Հովակիմյանի մասին: Նա ապացույցեց, որ դերասան չեն դառնում, դերասան ծնվում են: Ամբողջ ֆիլմի ընթացքում նա գրեթե չխոսեց և դրա կարիքը ամենին էլ չկար, ռեժիսորն այս դերասանին տվյալ դերի համար ընտրելով նախապես գիտակցել էր, որ իրեն պետք է դերասան, ում դեմքը պետք է խոսի և կյանքը ցույց տվեց, որ նա միանաշնակ ճիշտ էր: Գեորգի Հովակիմյանը այնպես ներդաշնակ ինտեգրվեց այս սյուժեի մեջ, որ հիմա, երբ մի պահ պատկերացնում եմ, որ կարող է ինքը չխաղար այս դերում, ֆիլմի սյուժեն իմ աչքերում իր լիարժեքությունը կորցնում է: Այո, նրա դեմքը խոսում էր, խոսում էր ինչպես Հրաչյա Ներսիսյանի դեմքը: Սա դերասանի այն յուրահատուկ տեսակն է, որն ուղղակի ստեղծված է անձայն կինոյի համար: Այսպիսի շնորհքով օժտված են յուրահատուկ դերասաններ: Երբ նրա հայացքը դեպի երկինք էր ուղղված, դա Աստծո հետ յուրահատուկ երկխոսություն էր ներկայացնում, նա հիրավի խոսում էր Աստծո հետ, խոսում էր անձայն, բայց արտահայտիչ:
Այս հոդվածը գրելու համար շարժառիթ հանդիսացավ նաև այն փաստը, որ ֆիլմի ռեժիսորը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ արդարացի հարց էր բարձրացնում, որ նման շնորհալի դերասանը ով արդեն իսկ արժանի է ժողովրդականի գոնե իր վաստակած վաստակավոր կոչումը ստանա: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ` ինչ սկզբունքներով են շնորհվում պետական կոչումները: Ինչպես կարելի է այսպիսի դերասանին, որը 43 տարի շարունակ ծառայել է կինոյին և թատրոնին, վաստակավորի կոչում չտալ: Այսպիսի դերասանները արտասահմանյան կինոարտադրության մեջ ոսկու գին ունեն: Եվ ես համոզվում եմ, որ եթե Դաստին Հոֆմանը ապրեր Հայաստանում և դրա հետ մեկտեղ էլ օժտված լիներ Գեորգի Հովակիմյանի տաղանդով, ապա նույն բախտի կարժանանար, ինչ մեր տաղանդավոր դերասանը:
Հ.Գ. Կոչում տվողները պետք է հասկանան, որ եթե այս դերասանը իրենց համար «անպետք» է, ապա ժողովրդի համար նա անփոխարինելինելիների և ամենացանկալիների շարքերում է
Կարեն Թումանյան