Չեմ ճանաչում Հարությունին, ու էս երեխայի մասին կարծիք կազմեցի՝ լսելով ընդամենը նրա հարցազրույցը: Կներեք, բայց ես խիստ կասկածում եմ, որ շատ ու շատ հասուն մարդիկ կարող են էս տղայի պես վարժ, սահուն ու գրագետ խոսել: Անմիջապես երևում է, որ խոսողը բարձր ինտելեկտի ու դաստիարակության տեր մարդ է:
Էնպես է ստացվել, որ ես դպրոցական տարիներին 4 տարբեր դպրոց եմ փոխել... Ակամայից հիշեցի իմ ապրած սթրեսները. ինչպես էին ինձ ընդունում «հները», ինչպես էին փորձում ինքնահաստատվել: Ինձ էլ չէին սիրում, քանի որ բարձր առաջադիմության շնորհիվ անմիջապես դառնում էի ուսուցիչների գովեստի առարկան, իսկ համադասարանցիներիս աչքի գրողը... Երբեմն դա նմանվում էր վայրի ջունգլիների, որտեղ գոյության ու տեղի պայքար էր, լինելու պայքար... ու այդ պայքարում հանձնվել չէր կարելի... Շատ հաճախ, ի տարբերություն իմ համադասարանցիների, իմ աշակերտական պայուսակը մի քանի անգամ ավելի ծանր էր լինում... Ինչո՞ւ... որովհետև ինքս ինձ պաշտպանելու համար երբեմն տանեցիներից գաղտնի պայուսակիս մեջ՝ տետրերի ու դասագրքրեի հետ, վերցնում էի նաև ծանր առարկաներ՝ քար, փայտ... Ես մենակ էի, իսկ իրենք՝ շատ...
Փաստորեն, այս 10 տարիների ընթացքում, ըստ էության, ոչինչ չի փոխվել՝ էլի նույն պայքարն է, էլի նույն դեռահասները, ովքեր փողոցային բարքերը դպրոց բերելով՝ փորձում են «լավ տղա-լավ տղա» խաղալ՝ մեծամասնությունն ընդդեմ մեկի ոհմակային տրամաբանությամբ...
Իսկ դուք, հարգելի՛ ծնողներ, անչափահաս երեխայի դեմ բոյկոտ կազմակերպելու փոխարեն, քիչ ավելի ժամանակ տրամադրե՛ք ձեր երեխաներին, զբաղվե՛ք նրանց դաստիարակությամբ, սովորեցրե՛ք նրանց մարդկային արժեքները, մարդասիրություն սովորեցրե՛ք, վերջիվերջո... Թե չէ նրանք այսպես էլ մեծանում են ու էդ բարքերն իրենց հետ տանում են մեծ կյանք՝ բանակ, ԲՈՒՀ-եր, աշխատավայր, հետո իրենք էլ են երեխաներ ունենում... ու շրջանը նորից սկսվում է...
ՀԳ. Ես միանում եմ Հարությունին ու նրա ընտանիքին, ու հայտնում պատրաստակամություն՝ հանդիպել թե՛ Հարությունին, թե՛ նրա համադասարանցիներին, փորձել խոսել բոլոր կողմերի հետ... Վերջիվերջո մենք պիտի սովորենք լինել համերաշխ, հարգել մեկմեկու... տեղից էլ շատ քիչ ենք մնացել.... ախր վաղը-մյուս օր էլ մարդ էլ չենք գտնի, որ իր հաշվին ինքնահաստատվենք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել