1in.am-ը գրում է.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը դժվարանում է նշել՝ Սերժ Սարգսյանն ինչու էր գնացել Վիլնյուս, եթե ոչ՝ փաստաթուղթ ստորագրելու: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա խորհուրդ տվեց հարցը վերահասցեագրել հենց իրեն՝ Սերժ Սարգսյանին:
«Կարծում եմ` դուք նրան պետք է հարցնեք, թե գնացել էր Վիլնյուս, որ ի՞նչ աներ: Ուղղակի ճամփորդություն էր, որը ստանձնել են, գնացել են, ման կգան, գուցե ինչ-որ տեղեր կայցելեն»,- ասաց նա:
Դիտարկմանը ի պատասխան, թե, փաստորեն, մենք նրան ճամփորդելու էինք ուղարկել, Փոստանջյանն ասաց, որ ինչ-որ տեղ կարելի է և այդպես ասել. հարցադրումը որոշ չափով արդարացված է, քանի որ նա մեր վճարած հարկերից գոյացած գումարներով է գնացել: «Ինչպե՞ս հայտնվեց նա Եվրոպայում. մեր՝ հարկատուներիս գումարով՝ որպես ճամփորդ: Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանն այսօր չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին, ուստի նա այնտեղ գնացել է ուղղակի որպես ճամփորդ: Բացի դրանից՝ Եվրամիությունը, փաստորեն, համագործակցել է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչների հետ, և ակնհայտ էր, որ հետևանքը պետք է լիներ այդ ձախողումը»,- ասաց նա:
Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այս կերպ Սերժ Սարգսյանը թաղեց ոչ թե մեր ձգտումներն ու մեր նպատակները, այլ այն ամբողջ գաղափարը, որը կրում է Հանրապետական կուսակցությունը: Նա նաև նշեց, որ մեր քաղաքացիները պետք է լուրջ պայքար տանեն ու հասնեն նրան, որ դատապարտեն Սերժ Սարգսյանին: