1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ
Մեծարգո՛յ եղբայր,
Ս. Հայրապետը՝ Տ. Խորէն Կաթողիկոս Ամենայն Հայոց, ստացել է Ձեր առաջին եւ երկրորդ գրութիւնները. բայց ուշացել է պատասխանը ինչ ինչ նկատումներով եւ մանաւանդ երկարատեւ հիվանդութեան պատճառով. այժմ յանձնարարել է ինձ պատասխանել Ձեզ՝ իւր տուած ընդհանուր ցուցումների համեմատ:
Ի նկատի ունենալով, որ Ձեր յարուցած խնդիրը հանրային նշանակութիւն ունի, մենք պատասխանում ենք Ձեզ հանրային եղանակով, այսինքն տպագրական խօսքի միջոցով, մանաւանդ որ Ձեր բացատրական խօսքերից էլ երևում է, որ Ձեր նպատակն է այսպիսի դիմումներով «լայնախոհ եւ անկողմնակալ ոգիով իբրեւ մի եւ նոյն ազգին ու մի ընդհանրական եկեղեցիին զաւակները՝ ընդհանուր եզրակացութեան հասնելու»:
Ձեր հարցումներն են.
- Հարիւր տարի առաջ Հայ Աւետարանական շարժումի եւ ետքը անջատ եկեղեցի ըլլալու պատճառներն ի՞նչ էին:
- Հայաստանեայց Աւետարանական եկեղեցիի կազմութիւնը ու ցարդ շարունակելը օգտակա՞ր է եղած թէ վնասակար, ինչո՞ւ:
- Հայ Աւետարանական եկեղեցին իր գոյութեան նպատակը արդարացուցա՞ծ է, եւ ցարդ բարեփոխումներ ունեցա՞ծ է, թէ ի՞նչ:
- Առաքելական Մայր եկեղեցին եւ Աւետարանականը հարիւր տարիէ ի վեր ո եւ է չափով մօտեցա՞ծ են: Հասարակական խնդիրներու շուրջ իրարու հետ
կանոնաւոր եւ տեւական գործակցութիւն ինչո՞ւ չեն ունեցած: - Մայր եկեղեցիին հետ միանալ ե՞րբ եւ ի՞նչպես կարելի կրնայ ըլլալ:
Ներեցէք, որ Ձեր հարցումների թելադրած շաւղով չպիտի ընթանանք մեր պատասխանի մէջ, այլ էական սկզբունքների բացատրութեան, որ Ձեզ համար էլ կարեւոր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել