Հարց`
Ասացեք, խնդրում եմ, ի՞նչ պայուսակներ են ոճային լինելու այս ձմռանը: Ցանկալի է, որ լինի վառ, բայց գեղեցիկ համադրվի բեժ գույնի և սև վերարկուի հետ:
Պայուսակը կնոջ համար սրբություն է: Դասական must have տարբերակների կողքին գոյություն ունեն տրենդային պայուսակներ, որոնք հայտնվում են մեկ-երկու սեզոնի համար, իսկ հետո դուրս գալիս նորաձևությունից: Չեմ կարող ասել, որ դա շահավետ է, բայց եթե ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ապա կարելի է մտածել նաև նման պայուսակներ գնելու մասին: Հատկապես աշնանային դեպրեսիաների և մռայլության ժամանակ:

Մի քանի խոսք աշուն-ձմեռ դասական պայուսակների մասին: Ընդարձակ սև պայուսակը գլխավոր դեր է խաղում կանանց զգեստապահարանում: Նման լակոնիկ մոդելը հիանալի է համադրվում ցանկացած հագուստի հետ:

Պետք չի մոռանալ նաև այլ մուգ երանգների մասին, որոնք հեշտորեն կարող են փոխարինել սև գույնին: Օրինակ մոխրագույնը, բորդոն և մուգ կապույտը:

Կարելի է ընտրել դասական պայուսակի երկրորդ տարբերակը` բեժ կամ շագանակագույն: Եթե ձեր զգեստապահարանում գերակշռում են տաք երանգները, ապա կարող եք ընտրել խարտյաշ-շագանակագույնը կամ ավազագույնը, իսկ եթե կրում եք մուգ երանգների հագուստ, ապա ավելի հարմար կլինեն սրճային և շոկոլադային երանգները:

Ինչ վերաբերում է նորություններին, ապա արժե ընդգծել երկրաչափական ձևի պայուսակների կարևորությունը: Արդիական են ինչպես կաշվե, այնպես էլ մորթե մոդելները: Նորաձև են նաև այն մոդելները, որոնք ունեն բազմաթիվ դետալներ` մետաղ, քարեր, գործվածք, ժանյակ: Իհարկե, նման մոդելները պետք է պահել երեկոյան առիթների համար:
Ինչ վերաբերում է գույներին, ապա արդիական են կարմիրը, կանաչը, կապույտը և նարնջագույնը: Նման վառ գույների հետ պետք է լինեն նաև այլ վառ աքսեսուարներ (ձեռնոց, շարֆ, կոշիկ): Իսկ եթե սովոր եք ավելի հանգիստ գույների, ապա զերծ մնացեք նման վառ աքսեսուարներից:




