1in.am-ը գրում է.
Լիբիայի հարավում զինամթերքների պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ պահեստը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեղակայված է Սաբհա քաղաքի մոտ՝ Տրիպոլիից 650 կմ հեռավորության վրա:
Լիբիայի բանակի հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օբյեկտի վրա հարձակվել են զինված անձինք: Տեղի իշխանություններն իրենց հերթին հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մի խումբ բնակիչներ փորձել են պահեստից զենք գողանալ:
Հոկտեմբերին բրիտանական The Times թերթը հրապարակել էր տվյալներ այն մասին, որ Լիբիայի հարավում՝ Սաբհա բնակավայրի մոտ, հայտնաբերվել է լքված պահեստ՝ 4000 շարժական զենիթա-հրթիռային համալիրներով, և 6000 տակառ ուրանի կոնցենտրատ: Դեռևս պարզ չէ՝ արդյոք խոսքն այդ նո՞ւյն օբյեկտի մասին է: