1in.am-ը գրում է.
Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հերթական հարձակման հետևանքով զոհվեց մեկ երեխա և վիրավորվեց երկու կին՝ գրում է The New York Times-ը:
Աֆղանստանի նախագահի կարծիքով՝ Հելմենդ նահանգում բնակելի տան վրա անօդաչուի հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ը չի հարգում երկրի խաղաղ բնակիչների կյանքը:
Նախօրեին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահն առաջարկել է անվտանգության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման նոր պայմաններ:
Նա գլխավոր պայման է համարել Աֆղանստանի քղաքացիների վերադարձը Գուանտանամոյի բանտից և ռազմական գործողությունների դադարեցումը երկրի խաղաղ քաղաքացիների տներում:
«Առանց պայմանագրի ստորագրման ԱՄՆ-ը այլ ելք չի ունենա, քան նախաձեռնել ծրագիր, որը չի նախատեսում ամերիկյան զինվորականների կամ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայություն Աֆղանստանում»,- ի պատասխան՝ ասել է Ռայսը: