1in.am-ը գրում է.
Ամբողջ գիշեր Կիևի Անկախության հրապարակում հարյուրավոր մարդիկ են մնացել, ովքեր շարունակում են անժամկետ բողոքի ակցիան ընդդեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու Ուկրաինայի ղեկավարության որոշման: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապահների հետ բախումներ տեղի չեն ունեցել:
Կեսօրին կրկին նրանց կմիանան եվրաինտեգրման հազարավոր այլ կողմնակիցներ, իսկ եթե այսօր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, հանգստյան օրերին Կիևում սպասվում են բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որից հետո ընդդիմությունը կոչ կանի գործադուլ հայտարարել, արգելափակել նախարարների կաբինետի շենքը՝ հասնելու համար կառավարության հրաժարականին:
Երեկ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ևս մեկ անգամ կրկնել է, որ ԵՄ-ն, ինչպես նախկինում, պատրաստ է Ուկրաինայի հետ համաձայնագիրը ստորագրել ցանկացած պահի:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անհնար է համարում որոշման փոփոխումը՝ չնայած ողջ երկրով մեկ հանուն եվրոպական ինտեգրման անցկացվող զանգվածային ակցիաներին: