Շատ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցման համար Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին աջակցել 6 մլրդ դոլարով: Այս ատոմակայանը պիտի կառուցվեր Մեղրիի տարածքում՝ հնարավորություն տալով Հայաստանին ոչ միայն այս շրջանում ունենալ էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, այլև ծավալել ակտիվ բիզնես գործունեություն՝ դառնալով տարածաշրջանի էներգետիկ հսկաներից մեկը:
Հայաստանում անհամբերությամբ էին սպասում, թե Ռուսաստանը երբ է կատարելու իր խոստումը, որպեսզի սկսվեն շինարարական աշխատանքները: Բայց ահա տեղի ունեցավ այն, ինչը մտնում է ռուսաստանյան գործելաձևի մեջ. Մեդվեդևի կառավարությունը, հրաժարվելով ֆինանսավորել հայկական նոր ատոմակայանի շինարարությունը, շուրջ 20 մլրդ դոլար է տրամադրում Թուրքիային՝ այնտեղ ատոմակայան կառուցելու համար։ Եվ սա արվում է այն ժամանակ, երբ շանտաժի ենթարկելովՀայաստանն ու նրան ստիպելով անդամակցել Մաքսային միությանը, Ռուսաստանը լուծում է տարածաշրջանում իր ներկայության հարցը:
Հայաստանյան կառավարական շրջաններում աշխատում են լռություն պահպանել այս փաստի առթիվ, Պուտինի հայաստանյան այցի նախօրյակին կրքեր չբորբոքել, չսրել հակառուսական տրամադրությունները, որոնք առանց այն էլ բավական հասունանում են, իսկ ահա Թուրքիայում և Ադրբեջանում ցնծություն են ապրում: Օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ձևավորվել են որակապես նոր հարաբերություններ, որոնք նպաստելու են տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, տնտեսության մեջ այս երկու երկրի գերակա շահերի ամրապնդմանը:
Դե ինչ, ինչպես ասում են, սրանք դեռ առաջին ծաղիկներն են, իսկ թե հետագայում ինչե՜ր կլինեն, կարելի է միայն ենթադրել...



