1in.am-ը գրում է.
ՀՀ կառավարության կողմից ներդրված «մեկ պատուհանի» սկզբունքը թույլ է տալիս տաքսի ծառայությունների լիցենզավորումը կազմակերպել հնարավորինս արագ, մատչելի և հեշտ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը` հավելելով, որ հայ վարորդները նորարարությունից կրկին դժգոհ են. պատճառաբանությունը դեղին պետհամարանիշերի փոխարեն տրամադրվող ինքնակպչուն նոր ժապավեններն են, որոնք, ըստ վարորդների, կարող են շփոթության մեջ գցել քաղաքացիներին:
Նրա խոսքով՝ եթե Երևանում մեկ մեքենայով տաքսի ծառայություն մատուցելու լիցենզավորման համար ձեռներեցն այսուհետ պետք է վճարի 120 հազար դրամ, ապա այլ քաղաքներում` 80 հազար դրամ: Գյուղական համայնքներում վճարի չափը 45 հազար դրամ է, իսկ ահա սահմանամերձ գյուղերում վճարի չափն իջեցվել է 30 հազար դրամի:
«Նախկինում անհատ ձեռնարկատերը վճարում էր տարեկան 25 հազար դրամ պետական տուրք, 3 հազար դրամ` պետական գրանցման համար, չափիչ սարքի համար՝ 30-50 հազար դրամ, 17 հազար 500 հարյուր դրամ վճարում էր դեղին պետհամարանիշի համար, իսկ ահա եռամսյակը մեկ վճարում էր սոցվճար, 20 հազար դրամ՝ դեղին պետհամարանիշի մասին փաստաթուղթ, կահավորանք` տաքսու նշան, կողային տարբերանշաններ ձեռք բերելու, ընդհանուր առմամբ` 250 հազար դրամ` ներկայիս 120 հազար դրամի դիմաց: Ընդ որում՝ ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվել վճարումները կատարել տարեկան կամ եռամսյակային տարբերակներով»,- ասաց նա` հավելելով, որ դեղին պետհամարանիշերի համար նախկինում պահանջվող գումարն այժմ վարորդներից չի գանձվի, փոխարենը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անվճար կտրամադրվեն ինքնակպչուն ժապավեններ, նաև չեն գանձվի բժշկական և տեխզննման պարտադիր վճարները. դրանք ներառված կլինեն սահմանված 120 հազար դրամ վճարի մեջ:
Նշենք, որ ինքնակպչուն ժապավենները շրջանառության մեջ կդրվեն օրենքի նախագծի՝ ԱԺ-ում հաստատվելուց հետո, հավանաբար հաջորդ տարվա սկզբներին: