Panarmenian.net-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ:
Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության, այն կանցնի ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ղեկավարությամբ: Գագաթաժողովին կմասնակցեն Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
ԵՄ և Հայաստան
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Գագաթաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարություն ստորագրել, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի համար:
ԵՄ և Ուկրաինա
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարեց, որ տեղյակ է Մոսկվայի կողմից Ուկրաինայի հանդեպ ճնշմանը: Կրեմլում այդ մեղադրանքներն անհիմն համարեցին, իսկ ԱԳՆ-ն համարում է, որ այդպիսով ԵՄ-ն փորձում է բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Ավելի ուշ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, որ ԵՄ-ում նախագահող Լիտվան կոշտ հակառուսական հռչակագիր է նախապատրաստել՝ դատապարտելով Ուկրաինայի հանդեպ ճնշումը: Սակայն Լիտվայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Վիլնյուսը հակառուսական հռչակագիր չի պատրաստել: Ըստ նրա, գագաթաժողովը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ, որը Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից չէ, իսկ հռչակագիրն ընդունվում է անմիջապես հանդիպման ժամանակ և պետք է ստանա բոլոր մասնակիցների հավանությունը:
Այդպիսով, գագաթաժողովում ակնկալվում է ԵՄ և Մոլդովայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրում և Վրաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրում:
Գագաթաժողովի ու ԵՄ նպատակն ընդհանուր առմամբ
Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյը համատեղ հայտարարություն են տարածել առաջիկա Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ: «Մեր նպատակն է մեր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ քայլ առ քայլ կառուցել ժողովրդավարական, բարգավաճ, կայուն ու իրավական պետության վրա հիմնված հարևանության գոտի: Գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աշխատել ասոցացման և ազատ առևտրի խորը ու համապարփակ հավակնոտ համաձայնագրերի վրա՝ հասնելով նախանշված հանգրվաններին ու քայլեր կատարելով ԵՄ և այդ տարածաշրջանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման ու ազատականացման ուղղությամբ: Այդ համաձայնագրերը ոչ միայն մատչելի են դարձնում աշխարհի խոշորագույն շուկան, որը գերազանցում է կես միլիարդը, այլ նաև աջակցում է մեր գործընկերներին նրանց տնտեսությունների բարեփոխման ու հասարակությունների արդիականացման հարցերում:
Արևելյան գործընկերությունը մտածված է որպես գործընկերություն, որից մենք բոլորս ենք շահում: Արևելյան Եվրոպայի մեր հարևաններին ու ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանին մենք առաջարկում ենք հեռանկարային ռազմավարական տեսլական, ինչպես նաև դրան հասնելու միջոցներ: Սակայն, ընդունել ԵՄ առաջարկը, որը նշանակում է բոլոր անհրաժեշտ արժեքների պահապնում ու չափանիշների ընդունում, կախված է մեր գործընկերների ինքնիշխան ընտրությունից, ընտրությունը, որը պետք է զերծ լինի արտաքին ճնշումից և կատարվի ի շահ սեփական քաղաքացիների: Եվրամիությունը պատրաստ է ավելի բաց լինել ու մեծ աջակցություն ցուցաբերել նրանց, ով շահագրգռված է բարեփոխումների ու արդիականացման գործում: Եվրամիության սահմաններին կարևոր փոփոխություններ են կատարվում: Վերջին տարիներին Եվրամիությունը դարձել է խոշորագույն առևտրային գործընկեր ու ներդրումների աղբյուր, քաղաքականության սուբյեկտ ու հուսալի գործընկեր մեր արևելյան հարևանների մեծ մասի համար: Եվ դա միայն առաջին քայլերն են: Ի վերջո, Եվրոպան ու արևելյան գործընկերները հաջողության կհասնեն միայն որպես ինտեգրված մայրցամաք առանց բաժանարար գծերի»: