A1plus.am-ը գրում է.
Աշխարհահռչակ ջութակահար-դիրիժոր Մաքսիմ Վենգերովը Հայաստանում է։ Ջութակահարը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի շրջանակում:
Ջութակահարը առաջին անգամ չէ, որ Հայաստանում է։ Համերգից առաջ ջութակահարը հանդիպեց լրագրողներին։
«Սա իմ երկրորդ այցն է, ես առաջին անգամ Հայաստան եմ եկել մի քանի տարի առաջ` որպես դիրիժոր։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ, քանի որ Երեւանի հետ հաճելի հուշեր ունեմ։ Առաջին անգամ ես Հայաստան եկա իմ սիրած աղջկա հետ, հիմա մենք արդեն ամուսնացել ենք եւ երկու դուստր ունենք։ Շնորհակալ եմ Երևանին, քանի որ այստեղ տիրող ջերմ մթնոլորտը նաև մեզ ավելի մտերմացրեց»,-ժպիտով պատմում է Մաքսիմ Վենգերովը։
Ջութակահարը վաղը ելույթ կունենա դաշնակահար Վահագն Պապյանի հետ։ «Ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու Վահագն Պապյանի հետ: Հետաքրքիր ծրագիր ենք ներկայացնելու: Հույս ունենք, որ հանդիսատեսին դուր կգա»,- ասաց Մաքսիմ Վենգերովը։
Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Ֆրանկի, Բրամսի, Պագանինիի, Կրայսլերի ստեղծագործությունները։
Մաքսիմ Վենգերովը խոստացավ նաեւ սովորել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։