Psymag.am-ը գրում է.
Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշվում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը:
Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թ.թ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Գալենից (մ.թ.ա. 281-201թ.թ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Գալենի առաջարկած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ «նյութերի» համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
- Սագվինիկ (տաքարյուն)
- Ֆլեգմատիկ (սառնարյուն)
- Խոլերիկ (դյուրագրգիռ)
- Մելանխոլիկ (մելամաղձոտ)
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
- Զգայունությունը
- Ռեակտիվությունը
- Ակտիվությունը
- Ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
- Գործողությունների տեմպը
- Ճկունությունը կամ կոշտությունը:
Ցանկացած խառնվածքի դրսևորումները բավականին բազմազան են և արտահայտվում են ոչ միայն` վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:
Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:
Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ` հատուկ նշանակության զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուստ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումներ: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը` ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Բանակում, սովորաբար, ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողությունների ժամանակ, օրինակ, արտակարգ դիպուկահարներ են:
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում «մաքուր» տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի` իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ-որ մեկը մելանխոլիկ է, ապա նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ, նա օժտված է և՛ խոլերիկի, և՛ սանգվինիկի, և՛ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվածքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարդուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացվածության մակարդակը, բարոյական որակները: Հաշվի առնելով այս ամենը` հմուտ հրամանատարը երբեք չի շտապի եզրակացություններ անել այս կամ այն զինվորի մասին, առավել ևս բարձրաձայն չի արտահայտի իր դեռևս չհիմնավորված կարծիքը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ