1in.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը սիրիական փախստականների ճամբարներում իրավիճակն «աղետալի» է անվանել: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ-ի ռուսական պատվիրակության անդամ Իգոր Մորոզովը:
«Փախստականների հարցերով ԵԽԽՎ-ի կոմիտեն սիրիական փախստականների՝ Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Թուրքիայում գտնվող ճամբարներում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույց է պատրաստել, և իրավիճակն այնտեղ մենք «հումանիտար արհավիրք» ենք անվանել»,- ասել է նա Դաշնության խորհրդի նիստում:
Մորոզովի խոսքերով՝ ներկա պահին արտասահմանում են գտնվում գրեթե 2 միլիոն 200 հազար սիրիացի փախստականներ, հիմնականում՝ կանայք և երեխաներ:
«Ճամբարներում սննդամթերքի, դեղորայքի և ջրի պակաս կա, դպրոցներում երեխաների ուսուցում նախատեսված չէ: Ավելին, երիտասարդ կանայք ամեն օր բռնությունների են ենթարկվում, արդեն մարմնավաճառության մի ամբողջ ցանց է կազմակերպված, իսկ 10-13 տարեկան աղջիկները զանգվածային բռնաբարությունների են եթարկվում»,- Մորոզովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն: