1in.am-ը գրում է.
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և տեղակալ Գարեգին Մելքոնյանը նոյեմբերի 27-ից 29-ը կգտնվեն Լիտվայի մայրաքաղաքում: Նրանք Վիլնյուսում կմասնակցեն Արևելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին:
Համաժողովը կազմակերպել են Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության Խորհրդի Լիտվայի նախագահության և «Բիզնես Յուրոփ»-ի համատեղ ջանքերով` Արևելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Համաժողովը հնարավորություն կընձեռի երկրների գործարար համայնքների և պետական հատվածի ներկայացուցիչներին համատեղ քննարկել Արևելյան գործընկերության ռազմավարական քաղաքականությունից բխող, առևտրի զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները, ոլորտային համագործակցության և նոր գործարար շփումների հաստատման հնարավորությունները:
Վիլնյուսում Էկոնոմիկայի նախարարը և նախարարի տեղակալը կհանդիպեն Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտեռեռի և Եվրոպական Հանձնաժողովի Եվրոպական օժանդակության զարգացման և համագործակցության Գլխավոր տնօրինության (DG DEVCO) Հարևանության հարցերով տնօրեն Մայքլ Քյոլերի հետ: