1in.am-ը գրում է.
Ղրղըզստանի նախկին նախագահի կրտսեր եղբայր Ժանիբեկ (Ժանիշ) Բակիևը հեռակա կարգով Սուզակսկու շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման կողոպուտի ու զինված միավորումների ձևավորման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության գլխավոր դատախազության մամլո քարտուղարին:
Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, որն իշխանության էր եկել 2005 թվականին Կակաչների հեղափոխության արդյունքում և տապալվել 2010-ի ապրիլին, մեղադրվել է կոռուպցիայի և այլ հանցագործությունների համար: Մասնավորապես, նա կրտսեր եղբոր հետ մեղավոր է ճանաչվել նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Մեդետ Սադիրկուլովի, Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սլեպչենկոյի և նրա վարորդի սպանությունների կազմակերպման համար:
2010-ի հեղափոխությունից հետո Կուրմանբեկն ու Ժանիբեկն ապաստան են գտել Մինսկում: Բելառուսի իշխանությունները հրաժարվում են հանձնել նրանց ղրղըզական արդարադատությանը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ 2010 թվականի հոկտեմբերին գլխավոր դատախազության քննչական խումբը դատարան էր ուղարկել Ժանիբեկ Բակիևի դեմ քրեական գործը, որով նրան մեղադրանքներ են առաջադվել 2010-ի ապրիլին կողոպուտի կազմակերպման, դրամական միջոցների կողոպտման, զինված միավորումների ապօրինի ստեղծման, զանգվածային անկարգությունների կազմակերպման և պաշտոնյա անձի իշխանության ինքնակամ յուրացման մասին: Դատաքննությամբ նա մեղավոր է ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներով: Նրա դեմ սահմանվել է 18 տարվա ազատազրկման պատիժ: Բիշքեկի կայազորի ռազմական դատարանի՝ նախկինում կայացրած դատավճռի հետ՝ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման: